Քաղաքականություն

Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին

2 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է լուծվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կորոշվի այդ տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքների ճշգրտումից հետո:

«Մենք ելել ենք նրանից, որ այդ կարգավիճակը կորոշվի կախված նրանից, թե ինչ քայլեր մենք բոլորս պետք է ձեռնարկենք, որպեսզի օգնենք վերականգնել էթնոկոնֆեսիոնալ համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես դա եղել է երկար տարիներ, քանի դեռ այնտեղ չէր սկսվել պատերազմ, որն ավարտվել է շատ ողբերգական հետևանքներով: Կարգավիճակը որոշել կարելի է միայն այն բանից հետո, երբ հասկանալի կլինի, ինչ իրավունքներ են ունենալու բոլոր նրանք, ովքեր ապրել են Լեռնային Ղարաբաղում և իրավունք ունեն այնտեղ վերադառնալ, և, իհարկե, նրանք, ովքեր շարունակել են ամբողջ ժամանակահատվածում լինել այդ տարածքում»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ հարկավոր է վերականգնել վստահությունը, վերականգնել միջէթնիկական և միջկոնֆենսիոնալ խաղաղությունը: Դրա համար հարկավոր է վերականգնել տաճարները և մզկիթները և նորմալ կյանք կազմակերպել, այնպիսին, ինչպիսին այն եղել է, երբ կողք կողքի ապրել են բոլոր ազգությունների, բոլոր կրոնների ներկայացուցիչներ: Միևնույն ժամանակ, Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դա անելը շատ բարդ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում