Ադրբեջանցի խորհրդարանականի հակաիրանական ելույթը նախապատրաստվել է Իսրայելի կողմից. ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Մեջլիսի պատգամավորներն արձագանքել են Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Բահրուզ Մագերրամովի՝ օրերս ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հասցեին ունեցած մեղադրական ելույթին, որում նա Թեհրանին փաստացի մեղադրել է ահաբեկիչների տարանցում ապահովելու մեջ։
Իրանական «Fars» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի Մեջլիսի պատգամավոր Նեզամեդդին Մուսավին ադրբեջանցի պատգամավորի հակաիրանական ելույթին ի պատասխան՝ համոզմունք է հայտնել, որ նրա ելույթը նախապատրաստվել է Իսրայելի կողմից։
Իրանի Մեջլիսի նախագահության անդամ Ռուհօլլահ Մոթաֆաքեր Ազադն էլ, անհիմն որակելով ադրբեջանցի պատգամավորի պնդումները, նշել է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը երկրի հյուսիս֊արևմտյան շրջաններում պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ, ինչպիսին «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներն են։ Իրանն ահաբեկիչների դեմ պայքարում բազմաթիվ զոհեր է տվել, Իրանն ահաբեկիչներին չի աջակցում»։