1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ինչ է անհրաժեշտ պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ֆինանսական կայունությունը պահպանելու համար

Ինչ է անհրաժեշտ պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ֆինանսական 
կայունությունը պահպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր ռազմական գործողություն ազդեցություն է թողնում երկրի տնտեսության եւ հատկապես ֆինանսական համակարգի վրա: Եվ սովորաբար արժեզրկվում է տվյալ երկրի ազգային արժույթը, քանի որ պատերազմական իրավիճակում կրճատվում են ներդրումները, արտահանման ծավալներն են որոշակի սահմանափակվում, կապիտալի արտահոսք է նկատվում: Բայց այդ ազդեցությունը այս կամ այն կերպ կարելի է մեղմել՝ հաշվի առնելով տվյալ երկրի առանձնահատկությունը:

Հայաստանի պարագայում, այս պահի դրությամբ, կարող ենք ֆիքսել՝ պատերազմական այս օրերին մեր ֆինանսական համակարգը կայուն է, որովհետեւ երկրի բանկային համակարգը բավականին կայունացնող էֆեկտ է թողնում ֆինանսական հատվածի վրա: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքերով՝ մեր բանկային համակարգը կայուն է, ունի բավականին լուրջ տնտեսական անվտանգության երաշխիքներ, ակտիվների մեծ մասը լիկվիդային է, եւ դա, բնականաբար, իր ազդեցությունն է թողնում ֆինանսական ոլորտի վրա: «Բացի այդ, այս իրավիճակում էական գործոն է այն, թե պետությունը իր պարտքը որտեղից է վերցնում՝ դրսի՞ց, թե՞ ներսից, այսինքն՝ դոլարո՞վ, թե՞ դրամով»,- ասաց տնտեսագետը՝ միաժամանակ հավելելով, թե վերջին տարիներին կառավարությունը փոխել է իր վարկային քաղաքականությունը եւ հիմնական շեշտադրումն արել է ներսի՛ց գումարներ հավաքելու ուղղությամբ: Այսինքն՝ դրամային պարտատոմս է թողարկում եւ դրամ է վերցնում շուկայից: Եվ հետագայում նաեւ դրամով էլ վճարում է: Սրանք գործիքներ են, որոնք զսպում են դրամի արժեզրկումը

Այս իրավիճակում կայունության առումով էական նշանակություն է ունեցել նաեւ դրսից տարբեր տրանսֆերտների հոսքը դեպի «Հայաստան» համահայկական հիմնադրամ կամ անձնական տիրույթ: Այս ամենից զատ՝ կենտրոնական բանկն է որոշակի ներարկումներ արել այս ընթացքում

Ֆինանսական համակարգի կայունությունը, անշուշտ, լավ է՝ տարիների հսկայածավալ աշխատանքի արդյունք, այնպիսի, որ նույնիսկ պատերազմական այս օրերին չխաթարվեց: Բայց հարկ է հաշվի առնել, որ, Աստված մի արասցե, պատերազմը կարող է ձգձգվել: Երկարաժամկետ հատվածում կայունության համար ի՞նչ է պետք անել

«Պետք է հասկանալ, որ երկարաժամկետ հատվածում այս իրավիճակը պահելը դժվար կլինի՝ տարբեր պատճառներով, որոնց մասին հիմա չենք խոսում, բայց որի հետեւանքով հնարավոր է շուկայում որոշակի ճնշում լինի, եւ դրամն արժեզրկվի»,- ասաց Սուրեն Պարսյանը: Տարածաշրջանի բոլոր երկրների արժույթները կտրուկ արժեզրկվել են՝ թուրքականը, ադրբեջանականը, վրացականը, իրանականն ու ռուսականը: Դրա հետեւանքով այդ երկրների ապրանքներն ավելի էժան են դարձել, քան հայկականը, որովհետեւ հայկական դրամը վերջին տարիներին պահպանել է իր փոխարժեքը: Սրա արդյունքում մեր տեղական արտադրողները վնասներ են կրում: «Այսինքն՝ մենք ուշ թե շուտ պարտադրված ենք լինելու վերանայել մեր դրամային քաղաքականությունը՝ տարածաշրջանում մրցունակ լինելու համար»,- նշեց նա:

Բայց դրամի արժեզրկումն էլ ներկրումը կթանկացնի, որը, իր հերթին, սոցիալական խնդիրներ կառաջացնի: Մեր դիտարկմանն ի պատասխան` տնտեսագետը բացատրեց. «Այո, դրա համար էլ պետք է հավասարակշռություն ստեղծվի արտադրողների եւ սոցիալական էֆեկտի միջեւ: Ու սա շատ բարդ խնդիր է: Եվ պետք է իրականացվի աստիճանաբար, ոչ միանգամից: Ու չպետք է մենք զուտ սոցիալական խնդիրը լուծելու հաշվին արտադրողներին վնասենք: Եվ հակառակը՝ չպետք է արտադրողներին խրախուսելով վնասենք սոցիալապես խոցելի խմբերին: Այ հենց ա՛յդ բալանսը պետք է գտնվի: Կառավարության տնտեսական քաղաքականությունն ու կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը պետք է ներդաշնակեցվեն: Օրինակ՝ պետական բյուջեով նախատեսված է, որ 2020 թ. գնաճը պետք է լինի 4.5 տոկոս, կենտրոնական բանկը իր համար թիրախ է դրել 1.9-2.0 տոկոսը»: 

Երկրի զարգացմանն անհրաժեշտ այս աստիճանական փոփոխությունները թողնենք երկարաժամկետ հատվածին: Հիմա՛ ինչ քայլեր է պետք ձեռնարկել ֆինանսական կայունությունը հնարավորինս պահելու համար, եթե պատերազմը ձգձգվի: Զուգահեռ դիտարկենք նաեւ՝ այնպես է ստացվել, որ հիմա մեզ համար չկա «պատերազմի ժամանակ» ու «պատերազմից հետո». հաշվի առնելով թյուրքական քաղաքականությունը՝ հետո էլ հնարավոր պատերազմները չեն բացառվում: «Ուստի՝ մեզ թե՛ պատերազմի ժամանակ եւ թե՛ պատերազմից հետո էլ անհրաժեշտ է դրամ: Շա՛տ դրամ»,- ի պատասխան համառոտեց տնտեսագետը: Բայց այդ դրամի հայթայթումը չպետք է տեսնել պետական պարտքի ավելացման ճանապարհով. «Պետք է վերանայել հարկային քաղաքականությունը, անցնել պրոգրեսիվ համակարգի՝ շահութահարկի եւ եկամտահարկի համար, այն է՝ պետք է գործի «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքը: Շատ ունեցողը պետք է ավելի շատ մասնակցի պատերազմին եւ պատերազմի հետեւանքների վերացմանը: Տեղի գումարները հավաքելու փոխարեն չպետք է նախընտրենք պարտքեր ներգրավելը»: 

Տնտեսագետն ասաց նաեւ, թե ֆինանսական կայունությունը պահպանելու այլ ուղղություններ եւս կան: Իսկ ընդհանրապես յուրաքանչյուր երկրի ֆինանսական կայունության կարեւոր բաղադրիչը եկամուտներն են՝ դրանք ավելանում են, թե պակասում, եւ եկամուտների ինչ նոր աղբյուրներ կան. ա՛յս հարցերն է հարկավոր դիտարկել

Մի խոսքով՝ այսօր եւ վաղը՝ պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո, մեր երկրին պետք է կայուն եկամտային աղբյուր: Իսկ դրա համար անհրաժեշտ է տեղական արտադրության զարգացմամբ տնտեսություն, եւ որ այդ տնտեսությունն ամեն պահի շատ արագ կարողանա վերափոխվել ռազմական ուղղության, եւ դրվի ռազմական ռելսերի: Եվ այս պահին կայուն ֆինանսական համակարգը մեզ չպետք է թուլացնի: Վաղվա ծրագրերը հենց այսօր պետք է գործի դրվեն: Կայուն եւ ուժեղ երկի՛րը միայն կարող է լինել մեր բանակի հզոր թիկունքը: Այսօր եւ միշտ:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետություն


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]