Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետբյուջեի պակասուրդը հաջորդ տարի ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով. ԿԲ նախագահ

Պետբյուջեի պակասուրդը հաջորդ տարի ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 
տոկոսային կետով. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատվում է, որ 2021 թվականին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով՝ փոքր զսպող ազդեցություն ունենալով համախառն պահանջարկի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության քննարկմանը:

Գալստյանը նախ նշեց, որ կառավարության 2021 թվականի մակրոտնտեսական կանխատեսումները բավականին մոտ են ԿԲ-ի կանխատեսումներին, ըստ որոնց՝ շարունակվելու է համավարակի բացասական ազդեցությունների չեզոքացումը, արտաքին և ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքաականության սահուն կոնսոլիդացիայի և համարժեք դրամավարկային քաղաքականության իրականացումը:

Գալստյանը հիշեցրեց, որ համաձայն պետական բյուջեի հիմքում դրված սցենարի՝ 2021 թվականի համար նախանշվել է ՀՆԱ-ի իրական աճի 4.8 տոկոս մակարդակ, որը առաջարկի տեսանկյունից կարտացոլվի տնտեսության բոլոր ճյուղերի աճում: Համախառն պահանջարկը ևս կվերականգնվի՝ պայմանավորված թե ներքին սպառողական և թե ներդրումային ծախսերով, ինչպես նաև արտաքին պահանջարկի որոշակի վերականգնումով:

ԿԲ նախագահի խոսքով՝ 2020 թվական ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը կհաջորդի 2021 թվականի որոշակի զսպող քաղաքականության իրականացումը՝ առաջնորդվելով միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման սկզբունքով: Ինչպես համավարակի, ռազմական դրության հետևանքների, այնպես էլ 2020 թվականի պետական կապիտալ ներդրումների թերակատարումների ազդեցությամբ՝ կդիտվի ներուժային համախառն ներքին արդյունքի որոշակի կորուստ: Հետևաբար, 2021 թվականի համար ԿԲ-ն կարևորում է ներուժային տնտեսական աճի արագացմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ապահովումը:

«Այնուամենայնիվ, տնտեսության վերականգնումը չխաթարելու և մակրոտնտեսական կայունությանը նպաստելու նպատակով 2021 թվականին նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային սահուն կոնսոլիդացիա, այդ թվում ևս մեկ տարի օգտագործելով հարկաբյուջետային կանոնների համակարգով նախատեսված բացառիկ դեպքի կարգավորումը: Նշված քաղաքականության ներքո գնահատվում է, որ 2021 թվականին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով՝ փոքր զսպող ազդեցություն ունենալով համախառն պահանջարկի վրա»,- ասաց Գալստյանը:

ԿԲ-ն բյուջեի սահուն, ոչ թե կտրուկ կոնսոլիդացիան համարում է մակրոտնտեսական առումով խելամիտ: 2021 թվականին տնտեսության վերականգնմանն ու ստվերի կրճատմանն ուղղված վարչարարության շարունակական իրականացման արդյունքում գնահատվում է, որ 2021-ին հարկերը ՀՆԱ-ում կաճեն 0.6 տոկոսային կետով, արդյունքում պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]