Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փալոնը շփման գծում հրադադարը խախտողին հստակեցնելու հարցում կարևոր է համարում դիտորդների գործոնը

Փալոնը շփման գծում հրադադարը խախտողին հստակեցնելու հարցում կարևոր է 
համարում դիտորդների գործոնը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը: 

«Մենք հստակ կիմանայինք, թե որ կողմն է խախտել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը, եթե արդբեջանցիները թույլ տային միջազգային դիտորդներին մոնիտորինգ անցկացնել շփման գծում, ինչպես սահմանված է 2015 թվականի Ռոյս-Էնգել համաձայնագրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի դա: 

ԱՄՆ օրենսդիրներ Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգելն առաջարկել էին երեք կոնկրետ քայլեր, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում բոլոր քաղաքացիների համար համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը: Կոչ էր արվում համաձայնություն ձեռք բերել բոլոր կողմերից՝ դիպուկահարներ չտեղակայել շփման գծում, ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող զարգացած կրակորսիչ համակարգերի և ձայնային սարքավորումներ տեղակայել՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար և ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել՝ շփման գծում հրադադարի խախտումների դեպքերն ավելի լավ վերահսկելու համար:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Հոկտեմբերի 26- երեկոյան հակառակորդը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծել է Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am