Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

Թուրքիայի զբոսաշրջությունը խորտակվում է կորոնավիրուսի և ահաբեկիչների հետ բարեկամության հարվածներից

Թուրքիայի զբոսաշրջությունը խորտակվում է կորոնավիրուսի և ահաբեկիչների հետ բարեկամության հարվածներից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկիչների հետ բազմակողմ համագործակցության, նոր կորոնավիրուսի և բուն զբոսաշրջության սուբյեկտների անհեռատես քայլերի պատճառով Թուրքիայի տուրիզմը կորցնում է գրավչության վերջին նշույլները։

Այսպես, այդ երկրի ՀՆԱ-ում զբոսաշրջության բաժինը կազմում է 10 տոկոս, ոլորտում աշխատում է Թուրքիայի աշխատունակ բնակչության 8 տոկոսը։ Այդ երկիր 2019-ին այցելել է 52 մլն ներգնա զբոսաշրջիկ՝ թողնելով  34,5 մլրդ ԱՄՆ դոլար։

Սակայն 2020-ին նաև Թուրքիայում մոլեգնող նոր կորոնավիրուսը և դրա համավարակի պատճառով միջազգային հաղորդակցության արգելքները շնչահեղձ արեցին զբոսաշրջության ոլորտը. մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմետ Նուրի Էրսոյի կանխատեսումներով՝ 2020-ին Թուրքիա կգնա 15 մլն  զբոսաշրջիկ, իսկ ոլորտի եկամուտը կկազմի 11 մլրդ դոլար, դա այն դեպքում, երբ արդեն օգոստոսից Անկարան բացել էր երկրի սահմանները ներգնա զբոսաշրջիկների առջև։ Այդ հանգամանքը, ճիշտ է, բերեց ոլորտի որոշակի աշխուժացման (օգոստոսին երկիր այցելեց 1,8 մլն զբոսաշրջիկ՝ 2019-ի նույն ամսվա   6,3 միլիոնի փոխարեն), սակայն նպաստեց կորոնավիրուսի տարածման շեշտակի արագացմանը։ Եվ այժմ Թուրքիան աշխարհում 21-րդն է վարակվածների թվով՝ 361, 8 հազար մարդ, 22-րդը մահացածների թվով՝ 9,8 հազար մարդ։ Ուստի պատահական չէ, որ ըստ թուրքական մամուլի, օրերս Անկարան սկսեց դիտարկել խոշոր նահանգներում պարետային ժամի և որոշ տարիքային խմբերի տեղաշարժի սահմանափակումների հնարավորությունը։ Խոսքը նաև այն մասին է, որ ցրտերի հետ մարդիկ ավելի շատ են հավաքվում ռեստորաններում և սրճարաններում՝ չհետևելով հակահամաճարակային միջոցներին։ Ասել է թե՝ Թուրքիայի զբոսաշրջությունը նորից կանգնելու է լոքդաունի փաստի առջև։

Մյուս կողմից, թուրք հյուրանոցատերերն են վատթարացրել իրենց վիճակը՝ թանկացնելով համարների գները։ Առաջին լոքդաունի հետևանքները մեղմելու նպատակով, օրինակ,  Անթալիայի հյուրանոցների համարների գները 2019-ի տուրշրջանի համեմատ բարձրացել էին 26,5 տոկոսով մինչև 212,6 եվրո, իսկ մեկ համարից ստացվող եկամուտը նվազել է 9.5 տոկոսով։

Սակայն, փորձագետների կարծիքով, Թուրքիայի զբոսաշրջության ոլորտին սպասվող վճռական հարվածը տալու է այդ երկրի բարեկամությունն ահաբեկիչների հետ, որն ամենացայտուն կերպով արտահայտվեց Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ռազմական բաղադրիչը Անկարայի կողմից սիրիացի, լիբիացի, աֆղան, պակիստանցի զինյալ-ահաբեկիչներով սնելու պարագայում։ Թուրքիան դարձել է ահաբեկիչների տարանցման բանուկ հանգույց, և բնական էր, որ միջազգային հանրությունը պետք է զգուշացներ դրա հետևանքների մասին։ Առաջինն ԱՄՆ-ն է ժամանակավորապես դադարեցրել Թուրքիայում գտնվող Ամերիկայի քաղաքացիների և վիզաների բոլոր ծառայությունները՝ Ստամբուլում ԱՄՆ քաղաքացիների դեմ հավանական ահաբեկչությունների և առևանգումների մասին հավաստի հաղորդումների պատճառով:

Էլ ինչ անհեռատես քայլեր կձեռնարկի Անկարան իր տնտեսությունը, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտը, խորտակելու համար, կարելի է եզրակացնել այն հանգամանքից, որ Թուրքիան, կարծես, արդեն ուղղակի առճակատման է գնում միջազգային գլխավոր դերակատարների հետ հարաբերություններում, ինչն այդ երկրի համար անհետևանք մնալ չի կարող։

Սամվել Սարգսյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ