Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թուրքագետի կարծիքով` անկառավարելի դարձած Թուրքիան կգնա Հունաստանի դեմ ռազմական նոր արկածախնդրության

Թուրքագետի կարծիքով` անկառավարելի դարձած Թուրքիան կգնա Հունաստանի դեմ  
ռազմական նոր արկածախնդրության

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ավելի հակված է, որ Թուրքիայի իշխանությունները կգնան Հունաստանի դեմ ռազմական ագրեսիայի: Մելքոնյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում`անդրադառնալով հոկտեմբերի 27-28-ը Թուրքիայի կողմից Միջերկրական ծովում անցկացվելիք զորավարժություններին, որոնց անցկացմանը համաձայն չէ ՆԱՏՕ-ն:

«Ինչպես հայտնի է, զորավարժությունները քաղաքական մեսիջի տարր են պարունակում, պոտենցիալ սպառնալիք կամ քողարկված սպառնալիք են իրենց մեջ պարունակում: Դա էլ ավելի ցայտուն է դրսևորվում, եթե այդ պետությունն իր պետական մտածողության հիմքում դնում է ագրեսիան, ցեղասպանությունը, ահաբեկչությունը և այլն: Իսկ Թուրքիան այդպիսի երկիր է և նրա կողմից արդեն իսկ լարված թուրք-հունական հարաբերությունների վիճակի պարագայում զորավարժությունների անցկացումը, բնականաբար, շատ կոշտ ակնարկ է հնարավոր ագրեսիայի: Ավելի հակված եմ, որ Թուրքիան կգնա այդ արկածախնդրության»,- ասաց Մելքոնյանը:

Թուրքագետը նշեց, որ զորավարժություններից հետո ռազմական ագրեսիա սանձազերծելու օրինակ է Արցախը, երբ հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին հաջորդեց Արցախի դեմ պատերազմը:

«Ենթադրում եմ, որ Թուրքիայի զորավարժությունների մեջ հունական կողմը և ՆԱՏՕ-ն տեսնում են համանման սպառնալիք: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի կոչերին ու Թուրքիայի կողմից դրանց անտեսմանը, կարող ենք տեսնել, որ սա նորույթ չէ: Աշխարհի տարբեր դաշինքներ, կառույցներ տարբեր առիթներով հանդես են եկել Թուրքիային զսպող կոչերով, հայտարարություններով, դրանք որևէ արդյունք չեն ունենում: Սա փաստում է մի բանի մասին, որ Թուրքիան դարձել է անվերահսկելի, անգամ իրեն ռազմական ուժեղ պոտենցիալ ունեցող պետություն դարձրած ՆԱՏՕ-ի համար: Քաղաքակիրթ աշխարհն արդեն որերորդ անգամ բախվում է Թուրքիայի անվերահսկելի պահվածքի հետ: Սա ևս մեկ անգամ ամրացնում է հայկական այն տեսակետը, որ Թուրքիան սպառնալիք է ոչ միայն Հայաստանի և մեր տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի համար»,- նշեց թուրքագետը:

Թուրքագետը հավելեց, որ Թուրքիային պետք է բնորոշել, որպես ահաբեկչական և սպառնալիք ծնող պետություն, և աշխարհը պետք է համարժեք քայլեր անի ու գնահատական տա այդ երկրի գործողություններին:

Խոսելով այն մասին, թե արդյոք տնտեսական բարդ վիճակում գտնվելով և տարբեր տարածաշրջաններում մի քանի պատերազմների մեջ ներգրավված լինելով, Թուրքիան պատրա՞ստ է գնալ Հունաստանի դեմ նոր պատերազմի, Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունն ավելի հակված է գնալու նոր արկածախնդրության:

«Թուրքիան, բնականաբար, տնտեսական բավական բարդ վիճակում է: Սա գաղտնիք չէ և բնական է, որ նոր պատերազմի սանձազերծումը կարող է Թուրքիայի համար ավելի մեծ խնդիրներ հարուցել, բայց Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը խաղասեղանին դնում է ամեն ինչ և ագրեսիա է իրականացնում տարբեր տարածաշրջաններում: Վստահ եմ, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունն ավելի հակված է գնալու այդպիսի արկածախնդրության: Սակայն այստեղ կա նոր հանգամանք` Թուրքիայի հավանական թիրախը` Հունաստանը, ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, այսինքն` ևս մեկ խնդիր է այստեղ ծագելու, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրներ բախվելու են իրար կամ կանգնելու են պատերազմի շեմին: Սա ևս մեկ ահազանգ պետք է լինի ՆԱՏՕ-ի համար»,- ասաց Մելքոնյանը:

Թուրքիան հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ Արևելյան միջերկրական ծովում հոկտեմբերի 27-ին և 28-ին անցկացնելու է ռազմածովային ուժերի զորավարժություններ, այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն առաջարկել էր չեղարկել Էգեյան ծովում իրականացվելիք զորավարժությունները։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am