Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հոկտեմբեր

Կյանքով լեցուն արտիստը, որը գունավորում էր բեմը. արվեստագետները՝ Վանիկ Մկրտչյանի մասին

Կյանքով լեցուն արտիստը, որը գունավորում էր բեմը. արվեստագետները՝ Վանիկ 
Մկրտչյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը: Հոկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել է նրա որդին՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը ոչ միայն հրաշալի դերասան է եղել՝ հայտնի իր նուրբ խաղաոճով, այլև մեծահոգի, հոգատար մարդ, որը կարողացել է աշխատել մի քանի կոլեկտիվում՝ բարեկամաբար վերաբերվելով յուրաքանչյուր մարդու: Այդ են փաստում նրա գործընկերները, որոնք երկար տարիներ համագործակցել են լուսահոգի Վանիկ Մկրտչյանի հետ, սիրել ու գնահատել նրան:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վանիկ Մկրտչյանի խաղընկեր Դավիթ Հակոբյանը խոստովանեց, որ բառեր չի գտնում արտահայտվելու համար: Ընկերոջ կորուստը Հակոբյանի համար անսպասելի էր: «Նա շատ հումորով էր, ազնիվ, բարձր պրոֆեսիոնալ էր, հրաշալի խաղընկեր: Վանիկն իմ ընկերն էր, և շատ եմ տխրում, որ կամաց-կամաց հեռանում են ինձ հետ «դու»-ով խոսող մարդիկ: Վանիկը պատրաստակամ էր, նվիրված էր: Շատ եմ ափսոսում»:- Ասաց Հակոբյանն ու հավելեց, որ Մկրտչյանի ընտանիքի հետ շատ է կապված. Վանիկ Մկրտչյանի որդին՝ Վարդան Մկրտչյանը Դավիթ Հակոբյանի աշակերտն է եղել: Հակոբյանը համբերություն մաղթեց Վանիկ Մկրտչյանի հարազատներին ու ընկերներին:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասաց, որ դժվարությամբ է հավատում, որ Վանիկ Մկրտչյանն այլևս իրենց հետ չէ: Ընդամենը մի քանի օր առաջ են հանդիպել թատրոնում, քննարկել համավարակի տարածման, պատերազմի, ներկայացումներով նորից հանդես գալու և այլ հարցեր: Մկրտչյանը  նշել է, որ շատ է կարոտել բեմն ու շուտափույթ ցանկանում է նորից խաղալ: «Կյանքով լեցուն պրոֆեսիոնալ էր: Նա իրեն մշտապես ստեղծագործական գործընթացում էր տեսնում: Արտիստ էր, որն ավելի քան 45 տարի խաղացել է մեր թատրոնի բեմում: Անդավաճան ընկեր էր, որի աշխատանքային կենսագրությունը Պարոնյանի անվան թատրոնում է սկսկվել: Վանիկ Մկրտչյանը հանդես է եկել մեր բեմի հսկաների՝ Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգրյանի, Մելինե Համամաջյանի, Մայիս Կարագյոզյանի և այլոց հետ: Մկրտչյանի ներկայությունը թատրոնում մեր երիտասարդներին, միջին սերնդի դերասաններին մեծ ուժ էր տալիս»,-ընդգծեց Շահբազյանը:

Նրա խոսքով՝ Մկրտչյանը քիչ էր խոսում և շատ էր լսում, բեմում գույն էր, և թատրոնի ամենազբաղված դերասաններից: «Տիրապետում էր ոչ միայն դերասանական վարպետությանը, այլև հրաշալի երգում էր: Նրա մահը  թատրոնի համար մեծ կորուստ է: Մենք կորցրել ենք և՛ լավ արտիստի, և՛ լավ ընկերոջ»,- եզրափակեց թատրոնի տնօրենը:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը Վանիկ Մկրտչյանին շատ լավ ընկեր է համարում, քանի որ նա կարող էր աջակցել յուրաքանչյուր պահի: «Շատ հոգատար էր: Թատրոնում շատ կարևոր նշանակություն ունի կոլեկտիվը, էական է, որ մեկը մյուսին թիկունք լինի, իրար օգնեն ու սատարեն: Վանիկ Մկրտչյանը ոչ միայն Համազգային, այլև այլ թատրոններում է էր խաղում, և դա խոսում է այն մասին, թե ինչ հրաշալի մարդ, դերասան էր նա, որը կարողանում էր աշխատել տարբեր կոլեկտիվների հետ: Շատ բարի էր: Իրապես ցավում եմ»,- ասաց Գրիգորյանն ու ընդգծեց, որ շատ էր սիրում Վանիկ Մկրտչյանի նուրբ խաղաոճը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, տեղեկանալով Վանիկ Մկրտչյանի մահվան մասին, «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է. «Կյանքից հեռացավ հրաշալի մի մարդ, իր գործի բացառիկ նվիրյալ, նուրբ մտքի և հումորի, խորքային դիտողականության տեր արտիստը: Բոլորովին վերջերս՝ Մայր թատրոնի «Դեկամերոն» ներկայացման առաջնախաղից հետո, առիթ եղավ երկար զրուցելու իր հետ. դրանք զվարճախոսության ու անսպառ սրամտության ժամեր էին՝ նրա և Արմեն Էլբակյանի «առաջատարությամբ»: Ավաղ, մարդկային մեր բացահայտումերը միշտ ուշացած են լինում... Խոնարհումս Ձեր լուսավոր կերպարի և հիշատակի առջև: Հանգչեք խաղաղությամբ, վաստակավոր արտիստ, մեր սիրելի Վանիկ Մկրտչյան»:

Վանիկ Մկրտչյանը ծնվել է 1950 թվականին Արթիկում: 1978 թվականից աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, միաժամանակ 2008 թվականից` Երևանի պետական Համազգային թատրոնում: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում՝ Արա Երնջակյանի «Ժամկետը՝ 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Բաղդասարյանի «Մարիամ» և այլն։ Մասնակցություն է ունեցել նաև տարբեր հեռուստասերիալներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում: 2011 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

Վանիկ Մկրտչյանի 70-ամյակի կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել էր արտիստի հետ: Հոդվածը՝ ստորև

https://armenpress.am/arm/news/1008438/arm/

Անժելա Համբարձումյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ