1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թատրոնի իսկական նվիրյալը. Վանիկ Մկրտչյանը տոնում է ծննդյան 70-ամյակը

Թատրոնի իսկական նվիրյալը. Վանիկ Մկրտչյանը տոնում է ծննդյան 70-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ դերասան Վանիկ Մկրտչյանն իր մասնագիտական առաջին քայլերն արել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, հետագայում համատեղության կարգով աշխատել նաև «Համազգային» թատրոնում: Նա կերտել է բազմաթիվ դերեր, որոնցից առանձնացնում է Պաղտասար աղբարի կերպարը` նշելով, որ այն ինքնարտահայտվելու մեծ հնարավորություն է ընձեռել իրեն:

Վանիկ Մկրտչյանը մարտի 13-ին տոնում է ծննդյան 70-ամյակը: Այդ կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է արտիստի և նրա որդու` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ:

«Պարոնյանի անվան թատրոնում շատ մեծամեծերի, հրաշալի, տաղանդավոր արտիստների հետ եմ առնչվել: Նրանցից են Կարպ Խաչվանքյանը, Ստեփան Հարությունյանը, Սվետլանա Գրիգորյանը, Սերգեյ Գնունին և այլ ականավորներ: Իսկ «Համազգային» թատրոնում եմ 12 տարի: Սոս Սարգսյանը հրաշալի մարդ էր, դերասան, որի ներկայությունն ասես հիմա էլ ենք զգում»,-նշեց Մկրտչյանը:

Նրա խոսքով` դերասանի, արվեստագետի կյանքում բազմաթիվ հուզական պահեր են լինում, որոնք  և՛ ուրախացնում են, և՛ մտածելու տեղիք տալիս: Իր կյանքում նման պահերը քիչ չեն եղել:

Անդրադառնալով այն դերերին, որոնք օգնել են իր էության բացահայտմանը, որոնք հատկապես շատ է սիրել, Մկրտչյանն ասաց, որ չնայած Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան է, բայց իրեն միշտ գրավել են դրամատիկ դերերը, և ինքը միշտ ցանկացել է դրամատիկ կերպար կերտել:

«Երազանքս իրականացավ: Դա շատ հետաքրքիր գործ էր, և ես չգիտեմ՝ հետագայում կխաղա՞մ այնպիսի դեր, որն ինձ ինքնարտահայտվելու նման հնարավորություն տա: Այդ դերն իմն էր: Ինչպես կրում ես օրվա հագուստը, այդպես ես կրում էի այդ դերն ու զգում այն: Խոսքս Պաղտասար աղբարի մասին է: Այդ դերը ես պարբերաբար հիշում եմ»,-խոստովանեց Մկրտչյանը:

Դերասանը չի ափսոսում ոչնչի համար: «Աստծո թելադրանքով իմ ստեղծագործական ճանապարհը հարթ է եղել, և ես երբեք ետ չեմ նայել կամ փոշմանել, որ այս կամ այն բանը չեմ արել, կամ չի հաջողվել անել: Հետաքրքիր է` զայրացել եմ, որ ինձ դիտողություն չեն արել: Եղել են դերեր, որոնք ինձ առաջարկել են, և խաղալիս ես այնքան էլ բավարարված չեմ եղել, որովհետև  ցանկացել եմ, որ ինձ էլ դիտողություն անեն, ուղղեն: Իսկ այսօր մեծ երազանքս այն է, որ մեր ժողովուրդը խաղաղ լինի, որտեղ էլ որ ապրի: Իմ երեխաները, իմ թոռները, որոնք իմ զարդն են, ոչ մի վատ բան չտեսնեն ու առողջ լինեն, երջանիկ ու խաղաղ ապրեն: Դա իմ ամենամեծ երազանքն է»,-եզրափակեց Վանիկ Մկրտչյանը:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն իր հորը գործի իսկական նվիրյալ է համարում: «Այդ տեսակ մարդիկ այսօրվա երիտասարդների շրջանում քիչ են: Քիչ են իրենց աշխատանքին նվիրվելու կարողություն ունեցող դերասանները, որոնք ուղղակի ծառայում են իրենց գործին, թատրոնին, հանդիսատեսին, և դրանում է նրանց փիլիսոփայությունը: Ես հիշում եմ, որ դպրոցական տղա էի, հորս հարցրեցի, թե ինչո՞ւ է ընտրել դերասանի մասնագիտությունը, նրա պատասխանը շատ պարզ էր ու հստակ: Հայրս ասաց, որ մեծ հաճույք է ստանում և հոգեպես բավարարվում է, երբ կարողանում է ուրախություն պարգևել մարդկանց: Նա այդ սկզբունքով է ապրում: Առանց վախենալու կարող եմ ասել, որ հայրս Աստծուց տրված մեծ շնորհ ունի և կարող է այնպես խաղալ, որ չհասկանաս, թե ինչ պատահեց ու վարակվես նրա խաղով»,-պատմեց Մկրտչյանը:

Վարդան Մկրտչյանը նշեց, որ հայրը յուրահատուկ նրբերանգներով է աշխատում, և ինքը նրանից շատ բան է սովորել: Երբեմն հոր հետ չի համաձայնել, նրա մեղմության, ոչ շատ պահանջկոտության հետ, հակասություններ է ունեցել, բայց հասկացել է, որ դա նրա տեսակն է: «Դա Վանիկ Մկրտչյանի կերպն է, և նա այդպես է ապրում: Մենք մասնագիտական շատ զրույցներ չենք ունեցել, բայց մեր ունեցած զրույցները վերաբերել են դերասանական արվեստի հիմնահարցերին, և ես ընկալել եմ Վանիկ Մկրտչյանի սկզբունքը` փորձելով ձևավորել իմը: Շնորհավորում եմ նրան՝ մաղթելով քաջ առողջություն:

Ըստ իս՝ թատրոնում, մեր մշակութային կյանքում ուշադրության պետք է արժանանան  նման մարդիկ, որոնք  ոչ թե պարտադրված են ինչ-որ բան անում, այլ ծառայում են թատրոնին, արվեստին, իրենց հանդիսատեսին»,-ընդգծեց դերասանի որդին:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]