Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պաշտամունքի վայրերի թիրախավորումը պատերազմի հանցագործություն է. ՀՀ ԱԳՆ

Պաշտամունքի վայրերի թիրախավորումը պատերազմի հանցագործություն է. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շուշիի կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորման վերաբերյալ՝ հիշեցնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հանցագործություն, որի համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել հայկական ճարտարապետության գոհար՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիի կենտրոնում գտնվող Ղազանչեցոց Մայր տաճարին՝ պատճառելով նրան զգալի ավերածություններ։

Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային Էությունը։ Այնուհանդերձ, այս քայլը լիովին տեղավորվում է տասնամյակներ ի վեր իրականացվող հայատյացության քաղաքականության մեջ։ Ադրբեջանը, որն ամբողջովին բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում և հայ ժողովրդի պատմական հայրենիքի այլ մասերում, այժմ փորձում է Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի շրջանակներում հայրենիքից և պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը։

Իր այս գործողություններում Ադրբեջանն ուղղակիորեն ընդօրինակում է իր նորօրյա դաշնակիցների՝ միջազգային հայտնի ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճը, որի արդյունքում Մերձավոր Արևելքում ոչնչացվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ։

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի այս հրեշավոր հանցանքը, որը միաժամանակ նաև մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը։

Այս առիթով հիշեցնում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հանցագործություն, որի համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am