Միլանի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Միլան քաղաքի Սկալա հրապարակում հայ համայնքի նախաձեռնությամբ բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարյուրավոր մարդիկ են մասնակցել բողոքի ակցիային:
Հայ համայնքի նախաձեռնած ցույցի ընթացքում մասնակիցները պարզել են Հայաստանի դրոշներն ու «Հայաստանը խաղաղություն է ցանկանում», «Հայերն ընդդեմ միջազգային ահաբեկչության» գրությամբ պաստառներ:
«Իտալիայի հայկական ծագմամբ քաղաքացիներն այս ամենում տեսնում են թուրքական ազգային քաղաքականության շարունակությունը, որը ձևավորվել է 19-րդ դարի վերջնամասում»,- ասված է հայ համայնքի նախագահ Բայկար Սիվազլյանի ուղերձում:
Ակցիայի մասնակիցները Իտալիայի կառավարությունից խնդրել են ցույց տալ դիվանագիտական միջամտություն և օգնել խաղաղություն հաստատել տարածաշրջանում:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:
Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների: