Օրենքով ընդլայնվեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լիազորությունները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ օրենքի նախագծի ընդունմամբ ընդլայնվեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լիազորությունները:
Ներկայացված օրինագծով ուժեղացվեց տեսչական մարմնի կասեցումների ինստիտուտը, որի միջոցով տեսչական մարմինը հնարավորութուն է ունենալու մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգների դեպքում տեղում, անհապաղ կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը՝ օրենքով սահմանված 10 դեպքերով:
Տեսչական մարմնին վերապահվեց նաև դիտարկումներ իրականացնելու գործիք:
Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 99 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:
Նորայր Շողիկյան