Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Թուրքական բանակի 150 բարձրաստիճան զինվորականներ Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական կետերում են

Թուրքական բանակի 150 բարձրաստիճան զինվորականներ Ադրբեջանի զինված ուժերի 
հրամանատարական կետերում են

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախորդ օրվա վերլուծությունները ցույց են տվել՝ Արցախի պաշտպանության բանակի մեկ մարտական դիրքի վրա գրոհի է նետվում մոտավորապես 150-200 թշնամական զինվոր, ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հոկտեմբերի 3-ին հայ ժողովրդին հղված իր ուղերձում:

«Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ: Մեր տեղեկություններով թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տարբեր օղակների հրամանատարական կետերում եւ ղեկավարում են ռազմական գործողությունները: Այս նկարագրությունն ինքնին պիտի վկայի, թե ինչպիսի ծանր մարտեր են տեղի ունենում առաջնագծում»,-նշել է նա:

Արդեն մեկ շաբաթ՝ Արցախի պաշտպանության բանակը, կամավորական ջոկատները կենաց եւ մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա: Այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ զինվորական և քաղաքացիական, շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդը այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր:

«Աներեւակայելի է այն տոկունությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս հարձակմանը հանդիման: Մեր զինվորներն ու կամավորները չեն խնայում ոչինչ եւ հերոսության աներեւակայելի օրինակներ են ցույց տալիս: Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, մարդուժի կորուստները հակառակորդի անցնում են մի քանի հազարը: Այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում, որոշ տեղերում Պաշտպանության բանակի զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը՝ Արցախում եւ Հայաստանում, դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը: Հարձակման մասշտաբները աննախադեպ են, թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատվածում, հակամարտության գոտիներից որեւէ մեկում: Հարյուրավոր տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր եւ հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր եւ տասնյակ հազարավոր հետեւակ՝ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի պաշտպանական բանակի դիրքերը՝ շփման գծի ամբողջ երկայնքով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]