Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳՆ-ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ և օտարերկրյա լրագրողների թիրախավորումը

ՀՀ ԱԳՆ-ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ և օտարերկրյա 
լրագրողների թիրախավորումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստագույնս դատապարտում է Արցախի քաղաքային բնակավայրերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ և օտարերկրյա լրագրողների թիրախավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այսօր թուրք-ադրբեջանական թիրախում հայտնվել են հայաստանյան և օտարերկրյա լրագրողներ և դա արվել է ժամեր անց այն բանից հետո, երբ ԱԳՆ-ն հայտարարեց, թե որքան մեծ արձագանք կա միջազգային լրատվամիջոցների կողմից` լուսաբանելու համար այս հակամարտությունը: Արցախի Մարտունի շրջանում այցելություններից մեկի ժամանակ վերջիններս հայտնվել էին կրակի ներքո, երբ Ադրբեջանը հերթական անգամ սկսել էր ուժ կիրառել քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ: Ֆրանսիական Le Monde թերթի լրագրողներից մեկը ստացել էր ծանր վիրավորում, վերջինս վիրահատվել է Արցախի հիվանդանոցներից մեկում և արցախյան կողմն արդեն իսկ հրապարակայնացրել է իր մտադրությունը` կազմակերպել լրագրողի տեղափոխումը Հայաստան: Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ, սիստեմատիկ թիրախավորումը` հրետանու և այլ ծանր զինտեխնիկայի կիրառմամբ, այդ թվում նաև լրագրողների թիրախավորումը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում: Նման գործելաոճը խստագույնս դատապարտելի է»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը հավելեց, որ Արցախի Մարտունու շրջանում աշխատանքներ իրականացրած լրագրողներն ունեցել են հատուկ տարբերանշաններ և արտահագուստ, թիրախավորվել են նաև նրանց տեղափոխող մեքենաները:

«Մեր նախարարության կողմից հավատարմագրվել են ավելի քան 50 միջազգային առաջատար լրատվամիջոցների լրագրողական թիմեր, մոտ 200 լրագրողներ, որոնցից մեծամասնությունը` մոտ 100-ից ավելի լրագրողներ, արդեն իսկ աշխատում են Արցախում»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում ե ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, նախնական տվյալներով Ֆրանսիայի քաղաքացի, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այժմ գտնվում է ռմբապաստարանում, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:

Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am