Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լոս Անջելեսում հիմնադրվել է հայ-ամերիկյան արագ արձագանքման կենտրոնացված լրատվական ծառայություն

Լոս Անջելեսում հիմնադրվել է հայ-ամերիկյան արագ արձագանքման կենտրոնացված 
լրատվական ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում հիմնադրվել է հայ-ամերիկյան արագ արձագանքման կենտրոնացված լրատվական ծառայություն՝ նպատակ ունենալով հակազդել տեղեկատվական դաշտում ադրբեջանական ապատեղեկատվությունների տարածմանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Armenian American Central Press-ից:

«Հաշվի առնելով մեր հայրենիքում ստեղծված պատերազմական իրադրությունը և այդ ընթացքում հայալեզու և օտարալեզու հրատապ տեղեկատվության տարածման կարևորությունը, մենք հիմնադրում ենք նախադեպը չունեցող արագ արձագանքման միասնական լրատվական կենտրոն Լոս Անջելեսում»,- ասված է հաղորդագրությունում:

AACP-Armenian American Central Press-ը ուղղորդված և թիրախային ընթացք է տալու լրատվական հոսքին ինչպես ամերիկյան, այնպես էլ հայաստանյան լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում և մամուլի հաղորդագրություններ տարածելով՝ այսպիսով իրականացնելով կարևոր գործառույթ հայրենիքում ընթացող մարտական գործողություններին զուգահեռ տարվող տեղեկատվական պատերազմում։

Նախագծի հիմնադիրը Հորիզոն TV-ի գլխավոր պրոդյուսեր, ծրագրերի տնօրեն Վրույր Թադևոսյանն է։ AACP-ն գործելու է Լոս Անջելեսի Հորիզոնի հայկական հեռուստաընկերության կազմում, միավորելու է մեդիա ոլորտի ներկայացուցիչների և ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետների, ովքեր կիրականացնեն այս կարևոր աշխատանքը Արցախյան պատերազմի ընթացքում։

Այս միջոցով հնարավոր կլինի համախմբել հայկական Սփյուռքի այս մեծ գաղթօջախին, ավելի թիրախային եւ արդյունավետ դարձնել պատերազմական իրավիճակում հրատապ տեղեկատվության երկլեզու տարածումն ու կառավարումը, հայրենիքի աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետ կազմակերպումը՝ այսպիսով նոր ժամանակների Արցախյան պատերազմի հաղթական ելքում ունենալով նաև սեփական ներդրումը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:

Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am