Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Արթուր Թովմասյանը կոչ է արել Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին չմասնակցել Արցախի դեմ պատերազմին

Արթուր Թովմասյանը կոչ է արել Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին չմասնակցել Արցախի 
դեմ պատերազմին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է անում Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին բոլոր հնարավոր միջոցներով խուսափել զորակոչից, առաջնագիծ մեկնելուց և Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիային մասնակցելուց՝ այդ թվում փորձելով լքել Ադրբեջանի տարածքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իր ուղերձում Թովմասյանը նշել է, որ այս անգամ պատերազմի վերսկսման բուն նպատակներից մեկը Թուրքիայի ազդեցության կտրուկ տարածումն է այս տարածաշրջանում, որի համար Ադրբեջանի բնիկ ժողովուրդները թափելու են իրենց արյունը, զոհվելու կամ դառնալու են հաշմանդամ։

«Այս պատերազմից Ադրբեջանի ոչ մի բնիկ ժողովրդի ներկայացուցիչ ոչինչ չի շահելու՝ ձեր և Արցախի հայության միջև չկա կիսելու ոչինչ, մեր շահերը իրար չեն հակասում։ Արցախի հայությունը միշտ էլ հարգանքով է վերաբերվել ձեզ, և վերջին տասնամյակներում Բաքվի իշխանություններն են, որ խոչընդոտում են մեր ու ձեր հազարամյակների պատմություն ունեցող շփմանը և բարեկամությանը։

Արցախում տեղյակ են, որ Բաքվի իշխանություններն առաջնահերթ զորակոչն անցկացնում են հենց Ադրբեջանի բնիկ ժողովուրդների շարքերում և նրանց են ուղարկում առաջնագիծ, ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներ, որտեղ ամենամեծն է զոհվելու հավանականությունը։ Դրանով իսկ Բաքվի իշխանությունները լուծում են երկու խնդիր. մի կողմից ձեզ օգտագործում են Արցախի դեմ, մյուս կողմից, ձերբազատվում են ձեզանից, քանի որ դուք եք հանդիսանում Ադրբեջանի զանգվածային թյուրքիզացման խոչընդոտներից մեկը։ Որքան էլ դուք ադրբեջանական բանակի կազմում փաստացի մասնակցում եք Արցախի դեմ ագրեսիային, Արցախի ժողովուրդը խոր ցավ է ապրում ձեր շարքերում ամեն մի զոհի ու վիրավորի համար, քանի որ ձեզանով ավարտվում է այս տարածաշրջանում հազարամյակների պատմություն ունեցող կարևորագույն ժողովրդագրական ու պատմամշակութային շերտը»,- ասել է Թովմասյանը:

Բաքվի իշխանությունների քմահաճույքների համար զոհվելուց խուսափելու համար Արցախի  Ազգային ժողովի նախագահը  կոչ է անում Ադրբեջանի բնիկ ժողովրդներին` լեզգիներին, թալիշներին, ավարներին, թաթերին, ուդիններին, ցախուրներին, ինգիլոյներին, ռուտուլներին, Շահդաղի խմբի ազգություններին և քրդերին, ովքեր ուծացման եզրին են, առաջինը` բոլոր հնարավոր միջոցներով խուսափել զորակոչից, առաջնագիծ մեկնելուց և Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիային մասնակցելուց՝ այդ թվում փորձելով լքել Ադրբեջանի տարածքը։ Նա նշել է, որ Արցախի դեմ ագրեսիային մասնակցել չցանկացող և Ադրբեջանը լքած անձանց այլ երկրներում հայկական սփյուռքի համապատասխան կառույցների կողմից կցուցաբերվի համապատասխան օժանդակություն:

Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել առաջնագծում հայտնվելու դեպքում փորձել ամեն կերպ խուսափել ակտիվ ռազմական գործողություններին մասնակցելուց, իսկ հնարավորության դեպքում փորձել հանձնվել Արցախի զինված ուժերի ներկայացուցիչներին։

«Հանձնվել ցանկացողները պետք է սահմանագիծն անցնելու ժամանակ ցուցադրեն իրենց անզեն լինելը՝ գլխավերևում (նշմարելի կերպով) պարզելով սպիտակ դրոշ կամ սպիտակ հագուստի կտոր։ Հանձնվելուց անմիջապես հետո, նշելով Ադրբեջանի բնիկ ժողովրդին իր պատկանելիության մասին, տվյալ անձը կդիտարկվի ոչ թե շարքային ռազմագերի, այլ հյուր, և կընդունվի այս տարածաշրջանում հազարամյակներ գործող բնիկ ժողովուրդների շրջանում ընդունված հյուրընկալության կանոններին համապատասխան։ Ըստ իրենց ցանկության՝ այդ անձինք կորոշեն՝ մնալ Արցախում, թե մեկնել այլ երկիր։ Արցախից մեկնել ցանկացողներին կտրվի համապատասխան օժանդակություն, այդ թվում՝ համապատասխան փաստաթղթեր՝ անվտանգ կերպով երրորդ երկիր անցնելու և այնտեղ հաստատվելու համար»,- ընդգծել է Թովմասյանը:

Արցախի ԱԺ նախագահի խոսքով` Արցախի Հանրապետությունը, ի վկայություն Ադրբեջանի բնիկ ժողովուրդների դեմ բարեկամության և ոչ թշնամական վերաբերմունքի, պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանձնել մեր դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհված և Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության գոտում գտնվող Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ հանդիսացող զինվորների դիակները։

«Այդ գործընթացի կազմակերպման համար զոհված զինծառայողների բարեկամները կարող են դիմել Արցախի Հանրապետության համապատասխան ծառայությանը»,- եզրափակել է Թովմասյանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ