Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արա Խզմալյանը «Դրախտի դարպասը» ֆիլմը միջազգային կինոփառատոնի ծրագրից հանելը կապում է Ադրբեջանի հետ

Արա Խզմալյանը «Դրախտի դարպասը» ֆիլմը միջազգային կինոփառատոնի ծրագրից 
հանելը կապում է Ադրբեջանի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը արցախցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից հանելու գործում տեսնում է Ադրբեջանի միջամտությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում փոխնախարարն ասաց, որ մեր մշակութային միջավայրն այնքան լուսավորված և կիրթ մարդկանցից է կազմված, որ չի կարող մտահոգվել մեկ ֆիլմի չցուցադրման պատճառով. սա քաղաքակրթական խնդիր է, որը մեզ մտահոգում է:

«Որևէ մեկը, անգամ փառատոնի կազմակերպիչներն իրավունք չունեն հանդիսատեսի փոխարեն գնահատական տալու: «Դրախտի դարպասը» աշխատանք է, որին մասնակցում են առաջատար եվրոպական երկրներ, ֆիլմը լուրջ հետաքրքրություն է առաջացրել միջազգային կինոհանրության շրջանում, և այդ կինոնկարը պետք է ներկայացվի, իսկ գնահատականը պետք է տա հանդիսատեսը»,-շեշտեց Խզմալյանը:

Փոխնախարարի համոզմամբ` մեր հարևանը` Ադրբեջանը, իր մշակութային քաղաքականության առանցքում դրել է մեր մշակութային քաղաքականությանը խոչընդոտելու հարցը: Ըստ Խզմալյանի`Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում բոլոր հավանական հարթակներում, որոնք կոչված են մարդկային արժեքները հաստատելուն, երկխոսության միջավայր ձևավորելուն, որոնք կոչված են մարդու արժեքն ընդգծելուն, երկրներին իրար ճանաչելի դարձնելուն:

Նա ընդգծեց, որ ադրբեջանական պատվիրակությունը մշտապես խնդիրներ է առաջացնում տուրիստական ցուցահանդեսների և այլ միջազգային միջոցառումների ժամանակ: Այն խնդիրներ է ստեղծում այն ժամանակ, երբ համագործակցում ենք եվրոպական կառույցների հետ: «Օրինակ` այն ժամանակ, երբ «Եվրիմաժ» մշակութային աջակցության հիմնադրամը ֆինանսավորում է հայկական ֆիլմերի արտադրությանը: Սա պարզապես նրանց ագրեսիվ մշակութային քաղաքականության հերթական շղթան է, որը մեզ համար կանխատեսելի է և պարզ»,-ասաց փոխնախարարն ու խոստովանեց, որ իրենց ավելի շատ զարմացնում է  Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ղեկավարության դիրքորոշումը: Նա շեշտեց, որ ժյուրիի կազմին ծանոթ չէ, բայց ավելի քան ցավոտ է կինոփառատոնի ղեկավարներից մեկի բացատրությունն այն մասին, թե ինչ հիմունքով են հանել ֆիլմը ոչ մրցութային ծրագրից` նշելով` երբ կդադարեն ռազմական գործողությունները, ամեն ինչ կանեն ֆիլմը ցուցադրելու համար:

Խզմալյանը շեշտեց, որ պահանջելու են պարզաբանում, որովհետև մեծ ակնկալիքներ ունեն փառատոնի ղեկավարներից,  կարծում են, որ ոչինչ չի կարող ստիպել նրանց նման սադրանքի գնալ: «Մենք արդեն իսկ հասկանում ենք, որ որոշակի աշխատանքներ տարվել են Ադրբեջանի կողմից, որ ֆիլմը հանվի ոչ մրցութային ծրագրից: Մի փառատոն, որը կոչված է ազատությունը խրախուսելուն, դեմ է գործում ստեղծագործական ազատությանը, մասնագիտական շփումների ազատությանը, արվեստը հանդիսատեսին հասցնելու ազատությանը, և սա պետք է պարզաբանվի: Վստահ եմ, որ միջազգային կինոհանրությունը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի նման գործելակերպին շատ բացասական արձագանք է տալու»,-նշեց Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալը հիշեցրեց, որ Լիտվայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Բուլղարիայի և Իտալիայի  հետ համատեղ արտադրությամբ ստեղծված «Դրախտի դարպասը» կինոնկարում ընդգրկված են միջազգային ճանաչում ունեցող արտիստներ: Նրա խոսքով` մի երկիր չէ, որ կդժգոհի այս ամենից ու կձևավորի իր կարծիքը փառատոնի ղեկավարության որոշումների վերաբերյալ: «Ոչ մի քաղաքակիրթ միջավայրում չի կարող նման բան լինել, չի կարող արվեստը խառնվել ընթացիկ քաղաքական իրադարձություններին, չի կարող երրորդ երկրում տեղի ունեցող փառատոնից դուրս գալ մի ֆիլմ, որի հիմքում երկու առանձին պետությունների կոնֆլիկտն է»,-ընդգծեց փոխնախարարը:

Խզմալյանը, անդրադառնալով «Դրախտի դարպասը» ֆիլմի բովանդակությանը, նշեց, որ այն պատերազմի մասին չէ, այն հատուկ ծրագրային, քաղաքական նպատակներով նկարահանված կինոնկար չէ, այն արվեստի գործ է սիրո, ընկերության, կորստի, հավատի, մարդկային զգացմունքների և մարդկային արժեքների մասին: «Այն չունի որևէ կետ, որի հիման վրա կարելի էր անել քաղաքական ենթադրություններ և եզրակացություններ: Սա պետք է բացառել առհասարակ մշակույթի ոլորտից, սա շատ վատ նախադեպ է, սա բացարձակ մեր հակառակորդի` Ադրբեջանի քաղաքականությունն է: Այն, ինչ մեր հարևան երկիրն անում է ռազմի դաշտում, նույն ագրեսիան դրսևորում է նաև մշակույթի ոլորտում, և  քաղաքակիրթ հանրությունը, պրոֆեսիոնալ հանրությունը չպետք է թույլ տա, որ այս երևույթն ամրապնդվի և խորանա»,-եզրափակեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը:

«Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր հերոսը եվրոպացի լուսանկարիչ-լրագրող է, որը փորձում է սահուն գործունեություն ծավալել, բայց «սայթաքում է», ինչը վերածվում է դրամայի: 2016 թվականին նա վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, որին 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները:

Ֆիլմի գլխավոր դերերում  հանդես են եկել գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զամելը, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցովասը՝ Լիտվայից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից:

«Դրախտի դարպասը» կինոնկարի երևանյան պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 17-ին:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am