Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կյանքի և լինելու համար կռվում մենք հետքայլի տեղ չունենք, հաղթելու ենք. ՀՀ ԱԺ պատգամավոր

Կյանքի և լինելու համար կռվում մենք հետքայլի տեղ չունենք, հաղթելու ենք. ՀՀ ԱԺ 
պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը կյանքի և գոյության համար կռվում հետքայլի տեղ չունի, հաղթելու է: «Արմենպրես» հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ խորհրդարանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը:

«Կյանքի և լինելու համար կռվում մենք հետքայլի տեղ չունենք: Մենք զիջելու տեղ չունենք, ունենք մի անելիք՝ լինել միասնական և հաղթել: Հավերժ փառք ու պատիվ բոլոր հայրենակիցներին, որոնք այս կռվում զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը՝ պարտավորեցնելով մեզ ապրել»,-ասաց Հայրապետյանն ու ցավակցեց, իր զորակցությունը հայտնեց բոլոր հերոս տղաների հարազատներին, նրանց ընտանիքներին:

Պատգամավորը շեշտեց, որ իրավիճակը բարդանում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության պայմաններում: «Այդուհանդերձ մենք հաղթելու ենք մեր միասնական ուժով, իսկ մեզ բնաջնջելու փորձերն ամբողջությամբ ձախողվելու են և ծանր հետևանքներ ունենալու՝ այդ փորձերն անողների համար»,-ասաց Հայրապետյանը:

Նա կարևորեց նաև այս օրերում միջազգային հարթակներում տեղ հասցնել և ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ Ադրբեջանին և նրան ակտիվորեն աջակցող Թուրքիայի ֆաշիստական էությունը: Պատգամավորն այս առումով կոչով դիմեց տարբեր երկրների մայրաքաղաքներում գտնվող ՀՀ դեսպաններին ու դիվանագետներին: «Հաղթելու ենք»,-եզրափակեց պատգամավորը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am