Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ կին պատգամավորը գերագույն հրամանատարին խնդրեց անհրաժեշտության դեպքում իրեն ևս զորակոչել

ԱԺ կին պատգամավորը գերագույն հրամանատարին խնդրեց անհրաժեշտության 
դեպքում իրեն ևս զորակոչել

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողությունների ֆոնին խնդրեց գերագույն հրամանատարին հաշվի առնել իր խնդրանքն ու իրենց զորակոչել, երբ իր կարիքը լինի՝ թեկուզ հենց այս պահին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս մասին ասաց խորհրդարանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը:

Սրբուհի Գրիգորյանը հիշեցրեց, որ զոհերից մեկը կին է՝ կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը: «Այո, հայ կնոջ համար մշտապես չկա դժվար ու վտանգավոր աշխատանք ու չի լինելու: Եվ ես ինքս էլ պատրաստ եմ հենց այս պահին մեկնել առաջնագիծ, բայց ոչ թե ոգևորելու զինվորներին, այլ իրապես կռվելու: Թվում է, թե կնոջ առաքելությունը խաղաղություն պահպանելն ու պահանջելն է: Ոչ, մեր դեպքում, բոլորս գիտենք, որ խաղաղությունը ոչ մուրում, ոչ էլ պահանջում են, խաղաղությունը պարտադրում են»,-նկատեց պատգամավորը:

Նա շեշտեց, որ այս հաղթանակից հետո հայկական կողմը պետք է ուժով պարտադրի հարևաններին հեռու մնալ Հայաստանի և Արցախի սահմաններից: «Մենք պետք է շարունակենք մեր երկրի պաշտպանության գործը կիսել մեր տղամարդկանց հետ, այլ ճանապարհ ուղղակի չունենք: Շատ անելիք ունենք կանայքս»,- նշեց նա:

Նա խնդրեց գերագույն հրամանատարին հաշվի առնել իր խնդրանքն ու զորակոչել իրեն հենց առաջին վայրկյանին, երբ իր կարիքը լինի: «Եթե դա հենց այս պահն է, ուրեմն՝ հենց այս պահին, զորակոչեք որպես Փառանձեմ թագուհու հետևորդի, որպես այն հայ քաղաքացու, որը ճակատագրի բերումով երկրին զավակ չի տվել ու անչափելի պարտք ու պարտականություններ ունի այս երկրի հանդեպ»,-ասաց պատգամավորը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Աննա Գրիգորյան

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am