Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր. ինչ ներուժ ունի Հայաստանը

Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր. ինչ ներուժ ունի Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգախնայողությունն աշխարհում վաղուց էներգիայի նոր աղբյուր է համարվում: Նախորդ դարի վերջին տասնամյակներում էներգախնայողության համաշխարհային առաջավոր փորձը ցույց տվեց, որ գործող տեխնոլոգիաների էներգախնայողական ներուժը կազմում է էներգակիրների ծախսի 30-40 տոկոսը, իսկ վառելիքի տնտեսումը 2-3 անգամ էժան է, քան համարժեք քանակությամբ վառելիքի արդյունահանումն ու մատակարարումը սպառողներին: Միջազգային էներգետիկական գործակալության տվյալների համաձայն` էներգախնայողական միջոցառումների իրագործման մեջ ծախսված յուրաքանչյուր դրամական միավոր ավելի շատ «մաքուր» էներգիա է տալիս, քան այն գումարը, որը ծախսվում է էներգիայի այլ աղբյուրների ստեղծման համար: Եթե հակիրճ, ապա էներգախնայողությունն իրավական, կազմակերպական, գիտական, արտադրական, տեխնիկական եւ տնտեսական նպատակային գործունեություն է` ուղղված էներգետիկ պաշարների տեսակարար ծախսի նվազեցմանը:

ՀՀ կառավարությունն էլ վաղուց արդեն առաջնային է համարում էներգախնայողությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության մեծացման եւ շրջակա մջավայրի վրա, ինչպեսեւ` կլիմայի գլոբալ տաքացման բացասական ազդեցության նվազեցման միջոց: Կառավարության քաղաքականությունը տնտեսության բոլոր ճյուղերում էներգախնայողությանը զարկ տալն է, ինչը սահմանված է ե՛ւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում, ե՛ւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրում»: Էներգետիկ հաշվեկշռի տվյալների համաձայն` 2018 թ. էներգիայի ներքին խոշորագույն սպառողը տնային տնտեսությունների ոլորտն է, որը պատասխանատու է ընդհանուր վերջնական էներգիայի 33.12 տոկոս սպառման համար: Հաջորդում է տրանսպորտի ոլորտը՝ մոտ 33.08 տոկոս մասնաբաժնով: Իսկ արդյունաբերությունն օգտագործել է էներգիայի միայն 15.16 տոկոսը, ինչը զգալի քիչ է խորհրդային ժամանակահատվածի արդյունաբերության մասնաբաժնից: Առեւտրի եւ հանրային ծառայությունների ոլորտն արդյունաբերությունից շատ է գործածել` 17.17 տոկոս:

Ի դեպ, Համաշխարհային բանկն ուսումնասիրել է տնտեսապես եւ ֆինանսապես կենսունակ էներգախնայողության ներուժ ունեցող ոլորտները, իրացման խոչընդոտներն ու միջոցառումներ առաջարկել` դրանք հաղթահարելու համար: Ըստ այդ ուսումնասիրության՝ Հայաստանը էներգախնայողության մեծ ներուժ ունի: Այն է` էներգախնայողության մեջ ներդրումները կարող են բերել տարեկան 1 ՏՎտժ էլեկտրաէներգիայի խնայողության, որն էլ համարժեք է շուրջ 600 մլն խմ բնական գազի։ Օրինակ՝ հանրային եւ բնակելի շենքերում լրացուցիչ կապիտալ ներդրումները կարող են կազմել առավելագույնը 15 տոկոս, այն պարագայում, երբ էներգախնայողության արդյունքը մինչեւ 40 տոկոսի է հասնելու:

Այլ թվեր էլ են մեջբերվում. օրինակ` Հայաստանի շուրջ 19 հազ. բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը կառուցվել են խորհրդային ժամանակներում՝ 35- 60 տարի առաջ՝ առանց էներգախնայողության միջոցառումների կիրառության: Այստեղ էներգիայի օգտագործումը, ըստ 1 քմ-ի, 2-3 անգամ բարձր է, քան զարգացած երկրներում: Ըստ նախնական ուսումնասիրությունների` բնակելի եւ հանրային շենքերի արդյունավետ ջերմամեկուսացման միջոցով ջեռուցման համար նախատեսված էներգասպառումը հնարավոր է կրճատել առնվազն 40 տոկոսով: Նկատեմ, որ Երեւանի Ավան վարչական շրջանում բազմաբնակարան մեկ շենք ամբողջությամբ ջերմամեկուսացվել է: Բնակիչների շրջանում իմ հարցումը ցույց է տվել, որ նրանք հատկապես ձմռանը էլէներգիայի եւ ջեռուցման դիմաց վճարը 30-40 տոկոսով պակաս են մուծում, իսկ արեւկող բնակարաններում` համարյա 50 տոկոսով:
Դեռ 2016 թ. «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում կատարվեցին լրացումներ ու փոփոխություններ, որոնցով ներդրվեցին մի շարք պարտադիր պահանջներ՝ ուղղված էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի խթանմանը: Մասնավորապես, տնտեսության ճյուղերը դասակարգվեցին ըստ էներգատարության՝ բարձր, միջին եւ ցածր, սահմանվեցին էներգետիկ հաշվեկշիռ կազմելու ու հրապարակելու պատասխանատու մարմիններ, նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերի եւ պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտների համար սահմանվեցին էներգախնայողության եւ էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջներ: Կարգավորվեցին նաեւ մարդու կյանքին ու շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների եւ արտադրանքի շուկայահանման ու օգտահանման պայմանները:

Իսկ միջազգային ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանը, միանալով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին, ԵԱՏՄ շրջանակներում ընդունել է «էներգասպառող սարքավորումների էներգաարդյունավետության պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգը: ՀՀ-ԵՄ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով էլ Հայաստանը պարտավորվել է առաջիկա 8 տարիներին ՀՀ օրենսդրությանը մոտարկել էներգախնայողությունը խթանող 65 կանոնակարգեր, հրահանգներ եւ ուղեցույցեր (շենքեր, շինություններ, էներգասպառող սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ)` դրանով նոր թափ հաղորդելով էներգախնայողության պետական քաղաքականությանը:
Այժմ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի 2021-2030 թթ. ազգային ծրագրի մշակման աշխատանքներն են ընթանում: Ինչպես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է ասում` «պայմանավորելով այն տնտեսական եւ էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման, տնտեսական եւ էներգետիկ անկախության ամրապնդման, էներգախնայողությունը եւ վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծման եւ ծառայությունների կազմակերպման, ինչպեսեւ` շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանն առնչվող հանգամանքներով»:

Արմենուհի Մելքոնյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am