Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հոկտեմբեր

Գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորների շրջանում

Գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք զբոսաշրջային միկրոավտոբուսի 
ուղևորների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճում է, մասնագետները հորդորում են խստագույն ձևով հետևել համաճակային կանոններին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը նշեց, որ որոշ սահմանափակումների վերացումից, որոշների թուլացումից հետո անցկացվում են բազմամարդ հարսանիքներ, հոգեհանգստյան արարողություններ, իսկ շատ դեպքերում համաճարակային կանոնները չեն պահպանվում, դրա հետևանքով գրանցվում է վարակվածության թվի աճ:

«Վերջերս դեպք ունեցանք, որ մարդիկ գնացել էին Տաթևի վանք էքսկուրսիա, ամբողջ զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորները վարակվել էին: Նրանցից մեկն էլ գնացել էր հոգեհանգստի, և այնտեղ նույնպես վարակում էր եղել: Եվ հիմա մենք խնդիր ունենք Սիսիանում: Բոլոր կոնտակտավորները ինքնամեկուսացվել են: Մեկ անգամ ևս հորդորում եմ մեր քաղաքացիներին զգոն լինել, հետևել համաճարակային պարզ կանոններին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասաց Լուսինե Պարոնյանը:  

Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48 643 դեպք, որոնցից 43 401-ն` առողջացած: Վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 392 նոր դեպք և 135 առողջացած։ Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ