Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 392 նոր դեպք
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48643 դեպք, որոնցից 43401-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4002 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3842 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 276077 թեստավորում:
Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 392 նոր դեպք և 135 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 947 (ավելացել է ևս 2-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 73, 84 տարեկան տղամարդիկ: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 293 է:
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում