Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԲ փոխնախագահը սուր արձագանքեց ակտիվիստ Մանուել Մանուկյանի հայտարարությանը

ԿԲ փոխնախագահը սուր արձագանքեց ակտիվիստ Մանուել Մանուկյանի 
հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը վստահեցնում է, որ ԿԲ-ում աշխատում են պրոֆեսիոնալներ, որոնք ունակ են կոնկրետ պահի ճիշտ որոշումներ կայացնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Երիցյանն այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված«Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում՝ պատասխանելով «Ո՛չ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանի դիտարկումներին:

Մանուել Մանուկյանը Երիցյանին հարց տալիս նշեց, որ Երիցյանը շարունակում է պնդել, որ վարկային արձակուրդը երկար ժամկետով չեն կարող տրամադրել: «Ես շարունակում եմ ձեզ ասել, որ դուք չեք տիրապետում իրավիճակին այնքանով, որ չեք տվել վարկային արձակուրդ: Եթե երկիրը 5 ամիս արտակարգ դրության մեջ է, մարդուն չի կարող տրվել 3 ամիս վարկային արձակուրդ: Պայմանագրերում նշված է, որ մինչև անգամ 3 ամսից հետո կարող են այդ պայմանագրերն անվավեր դառնալ: Ըստ էության, նաև դուք այդ ժամանակահատվածում մարդկանցից գանձել եք տոկոսներ: Դա չի համարվում մեզ համար վարկային արձակուրդ: Դուք այստեղ ներկայացնում եք, որ դուք պրոֆեսիոնալներ եք, ուզում եմ հասկանամ՝ ո՞վ է որոշում, որ դուք պրոֆեսիոնալներ եք»,-ասաց Մանուկյանը:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն արձագանքեց՝ պրոֆեսիոնալները դիլետանտներից տարբերվում են նրանով, որ ոչ թե զգացմունքներին կամ երևակայությանն են տրվում, այլ կոնկրետ փաստերի և իրականության վրա են հենվում: «Դուք համարում եք, որ մենք իրականությանը չենք տիրապետում, կարող է դրա մեջ ճշմարտություն կա, չեմ ուզում մերժել, բայց նաև մենք լավագույն ջանքն ենք կիրառում, մեր գիտելիքները դնում, որ կարողանանք մարտահրավերներին դիմակայել: Մեր պրոֆեսիոնալիզմը գնահատելու տարբեր չափանիշներ կան, ներառյալ այն խորհուրդը, որի երեք անդամները ԱԺ-ի կողմից են ընտրվել և նշանակվել»,-ասաց Երիցյանն ու հավելեց, որ ժամանակի ընթացքում խորհրդի բոլոր անդամներին հենց Ազգային ժողովն է ընտրելու, որը դեմոկրատական ճանապարհով  պատասխանատու ընտրություն է:

Նա շեշտեց, որ օրենքում դրված է, որ խորհրդի անդամները, որոնք ԿԲ-ում պետք է աշխատեն, պետք է լինեն պրոֆեսիոնալներ, և օրենսդրությամբ սահմանված է, թե ինչ է  պրոֆեսիոնալը: «Եվ խորհրդի բոլոր անդամները այդ օրենքի տառին համապատասխանում են և իրենց գիտելիքներով, և իրենց կարողություններով, ունակություններով՝ չհաշված այն, որ միջազգային բազմաթիվ գնահատականներ, նաև տեղական պրոֆեսիոնալ մասնագիտական հանրության գնահատականները՝ մեր պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ, բավարար են, որպեսզի ես այդ հայտարարությունն այս ամբիոնից անեմ»,- ասաց Երիցյանը:

Երիցյանը  նշեց, որ հարգում են նախաձեռնության անդամների կարծիքը, բայց երբեք չեն վիրավորում, փորձում են համբերատար լսել, բացատրել: «Բաներ կան, որ սահմանը պետք չէ անցնել և դա անթույլատրելի է, որովհետև վաղը, մյուս օրը ես էլ պաշտոնին չեմ լինելու, դու էլ հոգնելու ես էդ հարցով զբաղվելուց, իրար կարող է հանդիպենք, կամ դու իմ փոխարեն կարող է լինես, ես էլ քո փոխարեն, դրա համար ճիշտ հարաբերվելու և հարցերը լուծելու ճիշտ ձևը պետք գտնենք»,-ասաց նա՝ դիմելով Մանուկյանին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am