Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Թուրքիան սպառնալիք է. ամերիկահայ գործիչը Արևմուտքի միասնական դիրքորոշման անհրաժեշտություն է տեսնում

Թուրքիան սպառնալիք է. ամերիկահայ գործիչը Արևմուտքի միասնական դիրքորոշման 
անհրաժեշտություն է տեսնում
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն ընդգծում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարիներ շարունակ տարվող հակահայկական քաղաքականությունն այսօր նոր դրսևորումներ է ստանում: Անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարություններին՝ Հարութ Սասունյանը նկատեց, որ դրանցում տեսնում է կապը Թուրքիայի հետ՝ հավելելով, որ Ադրբեջանը ստահոդ, անհեթեթ տեղեկություններ է տարածում Հայաստանին վարկաբեկելու համար:

«Երկար տարիներ ի վեր Ալիևն անհեթեթություններ է ասում, ինչպես գիտենք ժամանակին խոսում էր Երևանն Ադրբեջանին պատկանելու մասին, հիմա էլ ասում է, թե Հայաստանը վարձկաններ է բերում Արցախ: Տրամաբանությունից դուրս է, դա ստախոսություն է, փորձում է Հայաստանին, հայ ժողովրդին վարկաբեկել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հարութ Սասունյանը:

Ամերիկահայ գործիչն այս հայտարարությունների հետևում տեսնում է սահմանին իրավիճակը սրացնելու վտանգ: Նա նկատեց, որ Ադրբեջանը բոլոր ժամանակներում էլ սպառնալիքների դիրքից հանդես գալու առիթը բաց չի թողնում:

«Այս վտանգը բացառելու համար Հայաստանի ու Արցախի բանակը միշտ պետք է պատրաստ ու հզոր լինի: Ադրբեջանի ցանկացած գործողություններին ոչ միայն պետք է դիմադրենք, այլև անհրաժեշտության դեպքում նախահարձակ լինենք»,-ասաց նա:

Անդրադառնալով Թուրքիայի քաղաքականությանը՝ Սասունյանն ընդգծեց, որ վերջին շրջանում Թուրքիան տարածաշրջանի տարբեր ուղղություններով հանդես է գալիս ագրեսիվ դիրքերից: Նրա քաղաքականությունը Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում միանշանակ չի ընդունվում միջազգային հանրության կողմից:  Հարութ Սասունյանն ընդգծեց, որ այստեղ կարևոր է արևմտյան երկրների միասնական դիրքորոշումը:

«Արևմտյան երկրներն իրենց մեղքն ունեն Թուրքիայի ամբարտավան կեցվածքի հարցում: Եթե եվրոպացիները միավորվեն և միասնական ճակատ կազմեն Թուրքիայի դեմ, ապա չի համարձակվի այսքան սանձարձակ վարվել: Կարևոր եմ համարում Թուրքիայի սպառնալիքները զգացող երկրների ջանքերը մեկտեղելը:  Արաբական երկրների արդեն մի զգալի հատված միավորում է ջանքերը Թուրքիայի դեմ: Նրանք հասկացան, որ երկար տարիներ Էրդողանն արաբներին խաբում է: Հիմա կարևոր է, որ եվրոպական երկրները միասնական դիրքորոշում ունենան Թուրքիայի հարցում: Պարզ երևա, որ Եվրոպան լուրջ է տրամադրված Թուրքիայի հարցում և ներքին պառակտում չկա: Ինչպես տեսնում ենք Ֆրանսիան ավելի վճռական է տրամադրված, սակայն Գերմանիայի կողմից մեղմ դիրքորոշում ենք նկատում: Էրդողանի համար մեղմ քաղաքականության լեզուն հասկանելի չէ, պետք է բիրտ ուժ ցույց տալ, որ նա հետ կանգնի իր ռազմական ծրագրերից»,-ասաց Հարութ Սասունյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ուղղությանը, ապա Հարութ Սասունյանը չի կարծում, թե թուրքերը համարձակվեն հարձակվել Հայաստանի վրա, որովհետև այստեղ կա Ռուսաստանի գործոնը: Նրա խոսքով, Էրդողանը չի գնա այդպիսի ռիսկի, որ Ռուսաստանի հետ առճակատում լինի:

Աննա Գզիրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ