Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հոկտեմբեր

«Թատրոն տանիքում». անկախության սերունդը հանդիսատեսին կստիպի տեղափոխվել «Երկրի հակառակ կողմը»

«Թատրոն տանիքում». անկախության սերունդը հանդիսատեսին կստիպի 
տեղափոխվել «Երկրի հակառակ կողմը»

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Թատրոն տանիքում» թատերախումբը խաղաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի 19-ին՝ սովորականից հինգ ամիս ուշ․ առաջինը «Երկրի հակառակ կողմը» (Նիկոլ Փաշինյանի համանուն գրքի հիման վրա բեմադրված) ներկայացումն է։ Թատրոնի հիմնադիր, բեմադրող ռեժիսոր Մխիթար Դանիելյանը ներկայացման գլխավոր փորձի ընթացքում «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձավ իրենց այլընտրանքային թատրոնի հաջողված ստարտափին, խոսեց թատրոնի գործունեության և ստեղծագործական թիմի վերաբերյալ։

«Մենք, իրոք շատ մեծ ռիսկի դիմեցինք՝ ներկայացնելով այս ստեղծագործության հիման վրա բեմադրություն։ Խնդիր կար քաղաքական տեսանկյունից՝ սևերի ու սպիտակների տարանջատման վերաբերյալ․ շատերը խոսում էին, թե հատուկ ենք վերցրել այս գործը, մեկնաբանում էին, թե, իբր, հարում ենք այս կամ այն քաղաքական ուժին, բայց մեր ներկայացումը չեզոք է։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանին մարմնավորող կերպար չկա»,- ասաց ռեժիսորը։

Մխիթար Դանիելյանը հպարտությամբ ընդգծեց՝ վեպի հեղինակը իր գոհունակությունն էր հայտնել ներկայացումից հետո։ Ռեժիսորի խոսքով` միշտ էլ պարտավորեցնող է ստեղծագործության հեղինակի դրական արձագանքը։ Բեմադրության հարցում որոշիչ դեր է ունեցել գրքի «բեսթսելլեր» լինելու հանգամանքը։ Վաճառքի բարձր ցուցանիշը վկայում է մարդկանց հետաքրքրվածությունը ստեղծագործության հանդեպ։ Ռեժիսորն ընդգծեց` այս բեմադրության ոգեշնչումը գրքից փոխանցվող անկախության շրջանի էներգետիկան էր։ Ներկայացման մեջ ներգրավված ողջ ստեղծագործական թիմը, սկսած՝ երաժշտից, մինչև բեմադրող ռեժիսոր, 1990-ական թվականներին ծնված երիտասարդներ են, որոնք ողջ արարի ընթացքում խոսում են անկախության սերնդի շուրթերով՝ մութուցուրտ տարիներից, ընդհուպ՝ հետպատերազմական շրջանի նորանկախ Հայասատանի խնդիրների մասին։ Ներկայացումը սկսվում է դերասանների՝ վազքով բեմ մտնելուն պես։ Հինգն էլ կարմիր վզկապով (պիոներական) գալիս են բեմի կենտրոն, որտեղ նախապես դրված են՝ համապատասխանաբար հինգ ճամպրուկ։ Ակնարկ կա արտագաղթի շրջանի վերաբերյալ։ Կոլաժային ներկայացումն անդադար շարժման մեջ է․ դերասաններն այս ու այն կողմ են վազում։ Խոսում են իրենց կերպարների մասին շեշտելով՝ չնայած իրենք են անկախության սերունդը, բայց այդ տարիների մասին միայն լսել են, չեն տեսել։ Ողջ ընթացքում ուղեկցող երաժշտական տարբեր լուծումները բեմադրությունը դարձնում են ամբողջական՝ հանդիսատեսին տեղափոխելով 1990-ականների Հայաստան։

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Բեմադրությամբ մենք տարբեր հարցադրումներ ենք անում, որ հանդիսատեսն ինքը հասկանա, թե որն էր ճիշտը, սխալը, և ինչ քաղեց ներկայացումից»։ Թատրոն տանիքում ստարտափը մի քանի տարի առաջ միանշանակ չէր դիտվում։ «2016 թվականին, երբ դիպլոմային աշխատանք էինք ներկայացնում, հրավիրեցինք բացառապես թատերարվեստի մասնագետների, որոնք տալիս են աշխատանքի որակավորումը։ Արդյունքում ես ստացա ամենաբարձր որակավորումը։ Մեկ տարի անց փորձնական բեմադրեցի ներկայացում, որի տոմսերն ամբողջությամբ սպառվեցին։ Դրան հաջորդեց մյուս ներկայացումը և այդպես շարունակ։ Հայաստանում մենք այլընտրանքային թատրոն ենք, որն աշխատում է սեզոնային գրաֆիկով։ Եղանակային պայմաններից է կախված` ներկայացում կլինի, թե ոչ։ Աշխատանքային հստակ սկզբունք ունենք, եթե չեն վաճառվում ներկայացման տոմսերը հաջորդ անգամ չենք անում»,-պատմում է ռեժիսորը։ Թատրոնն անցած խաղաշրջանի 4 ամսվա ընթացքում խաղացել է 8-9 ներկայացում՝

«Միայնության ինքնասպասնությունը», «Քաղաք», «Երկրի հակառակ կողմը»։ Ռեժիսորն անկեղծացավ եղել են դեպքեր, երբ ինքը ու նաև իր կինը, որը թատրոնի դերասաններից է, գումար չեն վաստակել, որովհետև ստիպված են եղել ստացված փողով վճարել տարածքի վարձակալման, մյուս դերասանների, լուսային տեխնիկայի, ռեկվիզիտների ծախսերը։ Թատրոնի հիմնադիրը հպարտությամբ նշեց` գործունեության հինգ տարվա ընթացքում մշտապես ունեցել են «sold out»-ներ։ Խոսելով համավարակի առաջացրած խնդիրներից` Մխիթար Դանիելյանը նշեց՝ ստիպված են եղել ուշ սկսել խաղաշրջանը։ Սովորաբար թատերաշրջանը մեկնարկում է մայիսի վերջին, բայց Covid-19-ը խափանեց բոլոր պլանները։ Նախկինում ամենաշատը՝ 25 շարքով, 130 նստատեղով կահավորված տանիքը հիմա, պահպանելով միջանձնային հեռավորությունը, կարող է հյուրընկալել առավելագույնը՝ 60 հանդիսատեսի։

Հարցին, թե ուրիշ ինչ ներկայացումներ են սպասվում առաջիկայում` ռեժիսորը նշեց, տվյալ պահին նոր ներկայացման աշխատանքային փուլում են պիեսի հեղինակի հետ։ Պրեմիերան նախատեսվում է մյուս ամսվա վերջում, նախքան թատերաշրջանի ավարտը։ Իսկ մինչ այդ, այս ամիս, բացի «Երկրի հակառակ կողմը» ներկայացումից, կխաղան «Միայնության ինքնասպանությունը»։

Մարիամ Ավանեսյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ