Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հոկտեմբեր

Վերին Գետաշենում բացվեց նախակրթարան

Վերին Գետաշենում բացվեց նախակրթարան

ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի  թիվ 1 միջնակարգ դպրոցը նոր ուսումնական տարին նշանավորեց նախակրթարանի բացումով: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախակրթարանի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ Կթրության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Դպրոցի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանի ներկայացմամբ՝ Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանի հիմնման ընդհանուր բյուջեն կազմել է 11 միլիոն 949 հազար դրամ, որից 4 միլիոն 820 հազար դրամը կազմել է Վերին Գետաշենի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Մնացած գումարը ներդրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հունիսից եւ ավարտվել օգոստոս ամսվա ընթացքում:Նախակրթարան են հաճախել նախադպրոցական տարիքի 25 երեխա: Համայնքում նախադպրոցական կրթության զարգացմանն աջակցելու նպատակով վերին գետաշենցի բարերար Արման Ռուբենյանը հատկացրել է 1 միլիոն 800 հազար դրամ՝ նախակրթարանում եւս մեկ սենյակ հիմնանորոգելու եւ լրացուցիչ 1 խումբ բացելու համար: Համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանի ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ Վերին Գետաշենում նախադպրոցական կրթության կարիք ունեն 2015 թվականին ծնված 75 երեխա: Նրանցից 30-ն ընդունվել են համայնքի մանկապարտեզ, 25-ը՝ նորաբաց նախակրթարան:

«Մնացած երեխաների համար կարող ենք բացել երկրորդ խումբը, եթե հասցնենք բարերարի միջոցներով արդեն նորոգված դասասենյակի համար ձեռք բերել պահանջվող գույքը: Անհրաժեշտ է կարգավորել նաեւ ջեռուցման խնդիրը, որպեսզի նախակրթարանը կարողանա անխափան գործել նաեւ ձմռան ամիսների ընթացքում»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը: Մարզպետ Գնել Սանոսյանը գույքի ձեռքբերման եւ ջեռուցման խնդիրների կարգավորման հարցերում խոստացավ իր աջակցությունը: Նախարար Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունը հայտնեց շինարարական աշխատանքների որակից, միաժամանակ  շեշտելով, որ նման ժամանակակից նախակրթարանի կողքին անշուք է թվում դպրոցի շենքը, որտեղ հիմնանորոգման խիստ կարիք է զգացվում:

Խոսրով Խլղաթյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ