Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ-եգիպտական համագործակցությունը մեծ ներուժ ունի. մասնագետի գնահատականը

Հայ-եգիպտական համագործակցությունը մեծ ներուժ ունի. մասնագետի գնահատականը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 12-14-ը պաշտոնական այցով Եգիպտոսում էր։ Այցի ընթացքում նախարարը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչը վկայում է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու եգիպտական կողմի հետաքրքրվածության մասին։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի այցի եւ դրա արդյունքների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է արեւելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արաքս Փաշայանի հետ։

- Տիկին Փաշայան, ի՞նչ կարելի է ակնկալել այս այցելությունից։ Կարո՞ղ ենք արդեն նախանշել հետաքրքրությունների այն շրջանակը, որի շուրջ կխորանան երկու երկրների հարաբերությունները։

-Շատ կարեւոր այցելություն էր երկկողմ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում խորացնելու տեսանկյունից, չնայած Երեւանն արդեն իսկ շոշափելի համագործակցություն ուներ Կահիրեի հետ, ինչպես նաեւ Արաբական պետությունների լիգայի, որի նստավայրը Կահիրեում է: Կցանկանայի առանձնացնել ամենակարեւորը՝ համագործակցությունը տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության խնդիրների շուրջ: Թե՛ մերձավորարեւելյան եւ թե՛ հարավկովկասյան տարածաշրջանում Եգիպտոսի եւ Հայաստանի համար կան մարտահրավերներ, որոնք շատ դեպքերում նույն սկզբնաղբյուրն ունեն: Ներկայացուցչական առումով այցելությունը նույնպես առանձնանում էր: Արտգործնախարար Մնացականյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի, արտգործնախարար Սամեհ Շուքրիի, ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի, Ալ Ազհարի գլխավոր իմամ շեյխ Ահմադ Մուհամմադ Ալ-Տայիբի, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Թավադրոս Երկրորդի եւ, վերջապես, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայկական կողմի ուղերձը Եգիպտոսին, կարծում եմ, հետեւյալն էր, որ Հայաստանը կարող է եւ պատրաստ է մասնակցել համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգերի ձեւավորմանը եւ դրանց շրջանակներում համագործակցության ծավալմանը: Կողմերը, ցանկության դեպքում, կարող են մշակել նաեւ համագործակցության մեխանիզմներ: Պետք է նկատի ունենալ, որ արաբական երկրների մեջ Եգիպտոսն առանձնանում է Հայաստանի համար. երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց ճանաչում են վաղուց, ունեն սերտ համագործակցության եզրեր դեռ միջնադարից, ինչը Մերձավոր Արեւելքում փոխգործակցության լավագույն օրինակներից է: Եգիպտոսն արաբական աշխարհի եւ, ընդհանրապես, Մերձավոր Արեւելքի, աֆրիկյան մայրցամաքի ամենաազդեցիկ պետություններից ու տարածաշրջանի անվտանգության երաշխավորներից մեկն է:

-Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ պատմականորեն ձեւավորվել են բարեկամական հարաբերություններ։ Համագործակցության ինչպիսի՞ ներուժ ունենք այսօր՝ հաշվի առնելով տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը։

-Ցանկանում եմ նշել, որ այցից առաջ հրապարակվեց արտաքին գործերի նախարարի խորհրդական, Եգիպտոսում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանի հարցազրույցը ՀՀ արտաքին քաղաքականության մերձավորարեւելյան նոր ռազմավարության մասին, ըստ որի՝ ՀՀ-ն պետք է վերաձեւակերպի իր շահերն ու հետաքրքրությունները տարածաշրջանում՝ սերտացնելով համագործակցությունը գործընկեր պետությունների հետ: Ըստ այդմ՝ Հայաստանը Մերձավոր Արեւելքի անվտանգության համակարգի բաղկացուցիչն է, հետեւաբար, գործընկեր պետությունների հետ պետք է ներգրավված լինի անվտանգային համակարգի ապահովման եւ առկա մարտահրավերները համատեղ ուժերով չեզոքացնելու գործին: Եգիպտոսը եւ Հայաստանը շատ հարցերում ներկայումս ունեն նույնական շահեր: Հայաստանի համար որոշակի մտահոգություն կա նաեւ իսլամական միջավայրում ադրբեջանական հակահայկական քարոզչության հետ կապված: Այս տեսանկյունից նույնպես Հայաստանի համար շահեկան է Մերձավոր Արեւելքի գործընկեր պետությունների եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ չեզոքացնելու համար հակահայկական քարոզչության բացասական հետեւանքները: Համագործակցության հաջող ընթացքը եւ, ընդհանրապես, Հայաստանի կայուն ու շահեկան ներկայացվածությունը Մերձավոր Արեւելքում պահպանելը, բնականաբար, հեշտ գործ չէ: Մերձավորարեւելյան նոր ռազմավարության դրույթներն առաջ տանելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ վճռականություն: Այս խնդիրը միայն ԱԳՆ-ն չի կարող իրականացնել: Դրա համար պետք են համապետական եւ համազգային ջանքեր եւս:

-Երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարների համատեքստում առանձնահատուկ է Եգիպտոսի հայ համայնքի դերակատարությունը։ Ի՞նչ մարտահրավերների առջեւ է կանգնած եգիպտահայ համայնքը տարածաշրջանային զարգացումների համատեքստում։

-Կցանկանայի նշել, որ Եգիպտոսում պատմական տարբեր ժամանակահատվածներում հայ համայնքներն ունեցել են ոսկեդարեր: Քսաներորդ դարի սկզբում եգիպտահայ համայնքը եղել է սփյուռքահայ քաղաքական մտքի եւ մշակույթի զարգացման առաջատար կենտրոնը, համալրվել Հայոց ցեղասպանության տարագիր հայությամբ, ստացել պետության եւ հասարակության աջակցությունը: 20-րդ դարի երկրորդ կեսին նախագահ Գամալ Աբդել Նասերի իշխանության գալուց հետո եւ դրան հաջորդած պատմական տարբեր իրադարձությունների արդյունքում հայության թիվն աստիճանբար նվազել է, սակայն համայնքը կարողացել է պահպանել կենսունակությունը: Հայաստանի անկախությունից հետո եգիպտահայ համայնքը դարձել է կամուրջ Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների զարգացման հարցում, եւ հենց հայ համայնքի կապիտալն է, որն այսօր էլ ծառայում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Եգիպտոսի Հայ դատի հանձնախումբը՝ ի դեմս կառույցի ղեկավար դր. Արմեն Մազլումյանի, Մերձավոր Արեւելքի լավագույն լոբբիստական կազմակերպություններից է: Հայ համայնքի ակտիվ գործունեության երաշխավորներն են՝ Եգիպտոսի հայկական ազգային կառույցները, Հայ առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Հայ կաթողիկե եկեցեղու առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Գուսանը եւ այլք:

-Ինչպե՞ս արձագանքեցին Եգիպտոսում հայկական պատվիրակության այցելությանը: Ինչպիսի՞ն են Հայաստանի մասին ընկալումները Եգիպտոսում:

-Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հայկական պատվիրակությունը ջերմ ընդունելության է արժանացել Եգիպտոսում, ինչի մասին ԱԳ նախարար Մնացականյանն ասել է նախագահ Ալ-Սիսիի հետ հանդիպման ընթացքում: Եգիպտական մամուլում եւ փորձագիտական շրջանակներում նույնպես եղել են դրական արձագանքներ: Ընդհանրապես, լավ կլինի, եթե երկու հասարակություններն էլ իրար ավելի լավ ճանաչեն՝ մշակութային եւ գիտական գործիչներն էլ: Շատ դեպքերում Մերձավոր Արեւելքում ավելի լավ ճանաչում են հայերին, քան Հայաստանը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաեւ նշել, որ արեւելագիտության ինստիտուտը վերջին տարիներին համագործակցել է Եգիպտոսի տարբեր գիտական շրջանակների հետ: Իր հերթին, ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Ալ-Դեսյուկին աջակցել է հայ-եգիպտական գիտական համագործակցությանը:

-Դեռեւս հունիսին Եգիպտոսը հայտնել էր Լիբիայում եւ Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով Հունաստանի, Կիպրոսի, ԱՄԷ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք ստեղծելու մասին։ Ինչպիսի՞ մասնակցություն կարող է եւ պետք է ունենա Հայաստանը հակաթուրքական այս դաշինքին։

-Հայաստանը ներկայումս սերտորեն համագործակցում է Ձեր նշած բոլոր երկրների հետ համատեղ հետաքրքրություն ունեցող հարցերի եւ հատկապես անվտանգային խնդիրների շուրջ: Քանի դեռ Հայաստանը որոշակի մարտահրավերներ ունի անվտանգային միջավայրի հետ կապված, համագործակցությունը հակաթուրքական ուղղվածություն ունեցող աշխարհաքաղաքական առանցքների շուրջ կշարունակվի: Գուցե, մի օր իրավիճակը փոխվի, Հայաստանը հարեւանության երկրների հետ համագործակցության եզրեր գտնի: Ամեն դեպքում, միանշանակ է, որ հակաթուրքականությունը չէ, որ միավորում է Հայաստանին Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, ԱՄԷ-ի եւ առավել եւս՝ Ֆրանսիայի հետ: Հայաստանը քաղաքակրթական թելերով սերտ առնչություններ եւ համագործակցության որոշակի փորձ ունի նշված պետությունների հետ:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am