Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրին ունենալու է իր բնույթով  եզակի  Բարեկամության այգի

Գյումրին ունենալու է իր բնույթով  եզակի  Բարեկամության այգի

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրին ունենալու է իր բնույթով  եզակի  Բարեկամության  այգի:  Սմարթ  լուծումներ առաջարկող այգու ծրագիրն իրականացվում է IDeA հիմնադրամի կողմից:

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հուլիսին նախաձեռնեց  Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթը: Մրցույթի առաջին փուլի արդյունքերով՝  ժյուրիի անդամներն ընտրել են եզրափակչի 20 մասնակցի: «Մասնակցությունն  աննախադեպ էր՝ ստացվել էր 84 հայտ 16 երկրից: Եզրափակչի մասնակիցները կստանան տեխնիկական առաջադրանքներ: Երկրորդ փուլի արդյունքում կընտրվեն 3 ճարտարապետական՝ փոքր, ստանդարտ և յուրօրինակ տարրեր: Այգու նախագծի մշակման գործընթացն անիմաստ կլինի առանց տեղի բնակչության ներգրավվածության: Ինչպես փորձագիտական հանրության ներկայացուցիչները, այնպես էլ ակտիվ քաղաքացիները, ովքեր հետաքրքրված են քաղաքի զարգացմամբ, կարող են իրենց ներդրումն ու ազդեցությունն ունենալ այս նախագծի վրա»,-  «Արմենպրես»-ին տեղեկացրեց այգու համալիր զարգացման  նախագծի ղեկավար, ճարտարապետ Մարգարիտա Ասիրյանը:

2020 թվականի հոկտեմբերին կհայտարարվեն հաղթողներն ու այգու վերջնական դիզայնի նախագիծը:

«Նորացված այգին կդառնա հանրապետության առաջին ժամանակակից և կանաչապատ տարածքը՝ մնալով նշանակալի վայր տեղի բնակիչների համար և գրավչության կետ զբոսաշրջիկների համար։ Սա նաև մի վայր է  լինելու, որտեղ գյումրեցիներն իրենց շնորհակալություն են հայտնելու երկրաշարժի օրերին ձեռք մեկնած երկրներին, իսկ ամենակարևորը՝ լինելու է համայնքային սիրված վայր»,- նշում է հիմնադրամի՝ Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը՝ վստահեցնելով, որ դեռ մեկ ու կես տարի առաջ Գյումրի են բերվել իտալական կարուսել-ատրակցիոններ, որոնք տեղ կգտնեն այգում: «Դրանք ամենասիրվածն են լինելու: Հպարտությամբ կարող եմ ասել, որ նմանատիպ կարուսելներ շատ քաղաքներ չունեն: Ունենք գաղափար համալրելու այդ տասը կարուսելը ևս մի քանիսով: Հուսով ենք՝ այգին վերջնական տեսքով կունենանք 2022 թվականի ամռան վերջին»,-ավելացրեց Ելենա Մուրադյանը:

Այգին զբաղեցնում է 7 հեկտարից ավելի տարածք: 

Քանի որ այգու նախագծումն իրականացվելու է քաղաքի բնակիչների ցանկությունն հաշվի առնելով, սեպտեբերի 6-ին, Գյումրիի տարբեր թաղամասերի բնակիչները Գյումրիի «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» նկարիչների հետ համատեղ հիշողություններից, լուսանկարներից և կոլաժներից կստեղծեն իրենց թաղամասի «հոգին»: Բնակիչները կկիսվեն իրենց թաղի պատմությունների, նաև Գյումրու տարբեր այգիների, մասնավորապես, Բարեկամության այգու հետ կապված հիշողություններով։ Այնուհետև կստեղծեն յուրաքանչյուր թաղամասի ինքնատիպությունն արտացոլող ցայտաղբյուրների էսքիզներ, որոնք հետագայում իրենց տեղը կգտնեն այգում:  

Մինչ այդ հենց այգու տարածքում, ծրագրի ներկայացման շրջանակում, Գյումրու 7-13 տարեկան փոքրիկ բնակիչների համար անցկացվեց  դիզայն-խաղ մանկական խաղահրապարակի մասնակցային նախագծման համար, իսկ 13-30 տարեկան ակտիվ քաղաքացիները մասնակցություն ունեցան  մարզահրապարակի ստեղծման դիզայն-խաղին:

Գյումրու Բարեկամության այգու վերականգման նախագիծն իրականացվում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ՏՈՒՖ) բարեգործական հիմնադրամի կողմից, որը 2020 թ. հուլիսից ստանձնել և իրականացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը: Այգու վերականգնման աշխատանքների գործընթացը մեկնարկել է 2019 թ.-ին: Այգու վերականգնումը մաս է կազմում  Գյումրու համալիր զարգացման և վերականգնման ծրագրի, որն իրականացվում է «Հայաստան 2020»  նախաձեռնության շրջանակում:

Վերականգնված այգին ոչ միայն կդառնա նոր հանրային վայր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար, այլև բարեկամության և երախտագիտության խորհրդանիշ՝ ուղղված բոլոր այն երկրներին, որոնք 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին քաղաքի վերականգնմանը:

Մինչ ծրագրի մեկնարկը Գյումրու «Բարեկամություն» այգին «մաքրվել» է  այնտեղ տեղադրված 24 տնակներից: 

 

Արմենուհի Մխոյան  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am