Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԼՀԿ-ն արտակարգ դրությունը չեղարկելու առաջարկ ներկայացրեց

ԼՀԿ-ն արտակարգ դրությունը չեղարկելու առաջարկ ներկայացրեց

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը չեղարկելու առաջարկ ներկայացրեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում հայտնեց, որ իրենք անիմաստ են համարում արտակարգ դրության իրավական ռեժիմի երկարաձգումը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է չեղարկել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը: Այն, որ Հայաստանի անունի առջև միջազգային ասպարեզում գրված է արտակարգ դրություն, դա բազմաթիվ խնդիրներ է առաջացնում այլ երկրներ մեկնել ցանկացող մեր քաղաքացիների և Հայաստան գալ ցանկացող մարդկանց համար»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ հնարավոր է արտակարգ դրություն սահմանելու փոխարեն այդ խնդիրը լուծել Արտակարգ իրավիճակի մասին օրենքներում որոշակի փոփոխություններով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու ԼՀԿ-ի առաջարկին:

Խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը:

Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշում է ընդունել՝ երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:

Այս անգամ արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է մի շարք մեղմացումներով: Նախ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: Միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ և բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է:

Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սական որոշակի կանոնների պահպանման պայմաններով: Մասնավորապես, անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջև՝ առնվազն 1,5 մետր: Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները:

Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահամանափակումներ կիառելու հնարավորությունը, վարակակիրների հայտաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը՝ ոչ ավելի քան 14 օրյա ժամկետի կտրվածքով:

Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1710 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 179032 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 806 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 234 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am