Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երեխաների հանդեպ սերն օգնում է ստեղծագործել.Նունե Սարգսյանի հանդիպումը մարզերի փոքրիկների հետ

Երեխաների հանդեպ սերն օգնում է ստեղծագործել.Նունե Սարգսյանի հանդիպումը 
մարզերի փոքրիկների հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զանգակ» հրատարակչության նախաձեռնած վեբինարների շրջանակում Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, իր հեղինակած մանկական ստեղծագործությունների շուրջ անմիջական զրույց է ունեցել Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող մի խումբ երեխաների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նունե Սարգսյանը փոքրիկ ընթերցողների հետ, մասնավորապես, քննարկել է իր «Կախարդական կոճակներ» գիրքը, պատասխանել հեքիաթի հերոսներին, ստեղծագործական դժվարություններին ու ոգեշնչմանը, սիրելի գրքերին վերաբերող նրանց տարաբնույթ հարցերին:

Երեխաները ներկայացրել են իրենց կարծիքներն ու տպավորությունները «Կախարդական կոճակներ» հեքիաթի մասին, նշել իրենց սիրելի հերոսներին, նաև հարցերի միջոցով գաղտնիքներ բացահայտել գրքում նկարագրված պատմության վերաբերյալ:

Ի պատասխան երեխաների հարցերի՝ տիկին Սարգսյանը նշել է, որ երեխաների հանդեպ սերն է իրեն օգնում ստեղծագործել: «Ես շատ եմ սիրում երեխաներին և ուզում եմ ինչ-որ ձևով կապի մեջ լինել նրանց հետ. գրելն ամենահարմար ձևն է»,- շեշտել է տիկին Սարգսյանը՝ ընդգծելով, որ գիրք գրելը հեշտ գործ չէ՝ պետք է շատ աշխատասեր լինել և հաճույքով անել դա: Նա երեխաներին քաջալերել է, որ նրանք ևս ստեղծագործեն, պատմություններ հորինեն:

Նունե Սարգսյանը երեխաներին հորդորել է ցանկացած գործ անել հաճույքով: «Ես ձեր աչքերից տեսնում եմ, որ դուք շատ աշխատասեր երեխաներ եք: Եթե նույնիսկ չհաջողվի գիրք գրել, վստահ եմ, որ որևէ աշխատանք, որ անեք, լավ կստացվի»,- ասել է նա:

Տեղեկացնելով, որ ինքը ներկայում գրում է «Կախարդական կոճակներ» գրքի երկրորդ մասը՝ տիկին Սարգսյանը երեխաներին խնդրել է իրենց գաղափարները ներկայացնել հեքիաթի շարունակության վերաբերյալ: Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի պայմանններում երեխաների առօրյային՝ Նունե Սարգսյանը վեբինարի մասնակիցներին կոչ է արել ամբողջ օրը համակարգչի առաջ չանցկացնել, այլ՝ լինել մաքուր օդում, գրքեր կարդալ, խաղալ իրենց քույրերի ու եղբայրների, ընկերների հետ:

Հեռավար հանդիպման ավարտին Նունե Սարգսյանը երեխաներին մաղթել է առողջություն, ուրախ ամառ՝ հույս հայտնելով, որ հանդիպելու այլ առիթներ կրկին կստեղծվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am