Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այս գործն իմ մասին է. Նաիրա Եդիգարյանն «Արմմոնո» փառատոնին կներկայացնի «Դեպի ներս» բեմադրությունը

Այս գործն իմ մասին է. Նաիրա Եդիգարյանն «Արմմոնո» փառատոնին կներկայացնի 
«Դեպի ներս» բեմադրությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում դերասանուհի Նաիրա Եդիգարյանը հանդես է գալու առաջնախաղով: Օգոստոսի 5-ին Մոսկվայի տուն մշակութային գործարար կենտրոնում նա թատերասերների դատին կհանձնի «Դեպի ներս» մոնոներկայացումը, որի և՛ բեմադրիչը, և՛ դերակատարը Եդիգարյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման նկարչական ձևավորումն իրականացրել են ՀՀ վաստակավոր նկարիչ Անժելա Գալստյանը և Աղասի Մելքոնյանը:

Մեզ հետ զրույցում Եդիգարյանն ասաց, որ  ներկայացման թեման միայնությունը չէ:  «Սա այն մասին է, երբ յուրաքանչյուր մարդ ինքն իրեն փնտրում է իր ներսում, փորձում հասկանալ, թե ինչի համար է լույս աշխարհ եկել, որն է իր անելիքը: Ըստ իս՝ «Դեպի ներս»-ը ճիշտ ճանապարհը գտնելու ուղին է»,-նշեց նա:

Դերասանուհին պատմեց, որ բեմադրության մտահղացումը ծնվել է այն ժամանակ, երբ գրել է «Մեռնել սեփական պատրանքներում» գիրքը: «Մաս առ մաս գրում էի այն՝ անդրադառնալով մարդու հոգեբանությանը, մարդու վիճակին, անհանգստություններին, մեղքերին: Այս ներկայացումն իմ մասին է, բայց շատերը կարող են իրենց գտնել այդտեղ, քանի որ յուրաքանչյուր մարդ կարող է հայտնվել նման հոգեվիճակում»,-եզրափակեց Նաիրան:

«Արմմոնո» փառատոնն այս տարի նվիրված է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյակին:

Փառատոնի ներկայացումները անցկացվում են բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:
Բեմադրությունները ցուցադրվում են նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ հանդիսատեսի թույլատրելի քանակը կլինի սակավաթիվ: «Արմմոնո»-ին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը և այլք:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝ ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ վաստ. արտիստ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:
Փառատոնի շրջանակում ցուցադրվելու են նաև դեբյուտային ներկայացումներ:
«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am