Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

Դիլիջանի ԲԿ-ում Covid-19-ի բաժանմունքն այլևս չի գործում. դուրս է գրվել վերջին առողջացած պացիենտը

Դիլիջանի ԲԿ-ում Covid-19-ի բաժանմունքն այլևս չի գործում. դուրս է գրվել վերջին 
առողջացած պացիենտը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանի բժշկական կենտրոնում բացված Covid-19-ի բաժանմունքն այլևս չի գործում, կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին: «Արմենպրես» փոխանցմամբ` այս մասին ասված է Դիլիջանի բժշկական կենտրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

«Ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված՝ Դիլիջանի բժշկական կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին: Հպարտությամբ ենք նշում, որ մենք նույնպես մեր փոքր լուման ենք ներդրել այս վարակի դեմ լարված և անձնվեր պայքարում, որ տարվում է ողջ հանրապետությունում, և պատվով ենք կատարել մեր առջև դրված խնդիրները: Ուզում ենք խորին շնորհակալություն հայտնել այն անձանց, որոնք ներգրավված են եղել այդ հերոսական աշխատանքում՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետներին, ախտորոշիչ բաժանմունքի աշխատակիցներին, սննդի մատակարարման աշխատողներին, կազմակերպիչներին: Դիլիջանի բժշկական կենտրոնում բացված Covid-19 բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում: Շենքն ամբողջությամբ ախտահանվել է, գործում է նախկին բնականոն հունով և պատրաստ է ընդունել պացիենտներին»,- ասված է հայտարարության մեջ:

2020 թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 31-ը Դիլիջանի բժշկական կենտրոնում բուժում է ստացել Covid-19 դրական մոտ 200 պացիենտ:

Հայաստանում օգոստոսի 4-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39 298 դեպք, որոնցից 30 372-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 930 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 168 164 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 768 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ