Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշնանացան ցորենի արտադրության ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել. արդեն կան առաջին գնորդները

Աշնանացան ցորենի արտադրության ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել. 
արդեն կան առաջին գնորդները

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության` աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը բարձրորակ սերմերի գնման ու պայմանագրերի կնքման փուլում է: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն օրեր առաջ հրապարակել է մատակարարների ցանկը: Ընդհանուր առմամբ, 18 ընկերություն սպասում է գնորդ-ֆերմերներին: «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Մարտիրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ գնումների փուլը մի քանի օր է սկսվել, սակայն արդեն ունեն կնքված պայմանագրեր ու իրենց կողմից ծրագրի շրջականում տրամադրվող ընդհանուր սերմերի մոտ 40 տոկոսի հետ կապված ամրագրում: 

«Բավական մեծ հետաքրքրություն կա ֆերմերների շրջանում: Եթե եղած ակտիվությունն այս ձևով պահպանվի, ապա մի քանի օրից ընդհանուր վաճառքը կվերջացնենք: Այսինքն՝ պայմանագրերը կկնքենք: Լավ բերք ստանալու համար անհրաժշետ են լավ սերմեր, ագրոտեխնիկական պայմանների ճիշտ կիրառություն, և ճիշտ պարարտացում: Լավ սերմի կիրառությունն առաջնային դեր է խաղում: Եթե այս ծրագիրը չլիներ, ապա ֆերմերներից 10-ից 8-ը կօգտվեր տնային պայմաններում ունեցած սերմերից, որոնց որակը բարձր չէ: Դրանով պայմանավորված բերքատվության ընդհանուր ծավալը կընկնի: Եթե լավ սերմեր կիրառենք, ապա համ հողերի օգտագործումն արդյունավետ կլինի, համ բերքատվության մասով լավ արդյունքներ կարող ենք ունենալ»,-ասաց նա:

Շահառուներին կսկսեն սերմերը տրամադրել օգոստոսի 25-ից: Դավիթ Մարտիրոսյանի խոսքով, նրանք, ովքեր մոտիկ տարածքներից են, կգան կտանեն, մնացածի դեպքում լոգիստիկ հարցը կկազմակերպեն փոխադարձ ներդրումով, որպեսզի շահառուի վրա շատ ծախս չլինի: «Գյումրիի սելեկցիոն կայան» դիմողները հիմնականում Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերից են: 

Սերմերի որակի հետ կապված պատասխանատուն մատակարար ընկերությունն է: Դավիթ Մարտիրոսյանը նշեց, որ ցանկության դեպքում տրամադրվում են բոլոր ուղեկցող փաստաթղթերը` լաբորատոր փորձաքննությունից սկսած, հավաստագրերով վերջացրած: 

«Մեր կենտրոնը հենց գիտական, փորձարարական կենտրոն է, այդ աշխատանքներն անընդհատ են, միայն այս ծրագրով չէ պայմանավորված: Մեզ մոտ և՛ տեղական, և՛ ռուսական սորտեր կան: Դրանց հիմքը դրել ենք դեռ հինգ տարի առաջ»,-ասաց Դավիթ Մարտիրոսյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է: Բազմաթիվ նամակներ են ստանում սոցիալական ցանցի իրենց էջին, զանգեր՝ թեժ գծի միջոցով: Ֆերմերները ցանկանում են ճշտել մանրամասներ ծրագրի հետ կապված: 

«Նախարարությունն ակտիվորեն շարունակում է իրազեկման աշխատանքները, որպեսզի որքան հնարավոր է լայն շրջանակ տեղեկացված լինի: Մինչ այդ, իրազեկման հանդիպումներ են եղել մատակարարների՝ այն հավանական արտադրողների ու ներմուծողների շրջանում, որոնք կարող էին մասնակցել ծրագրին: Հիմա մեր ֆերմերներին իրազեկելու փուլն է: Դա արվում է մարզերում խորհրդատվական ու մոնիթորինգի ստորաբաժանումների միջոցով, ինչպես նաև տեղեկատվական հարթակներով: Մասնավոապես, պատրաստվել են հոլովակներ, որոնք տարածվում են սոցիալական մեդիայում, ռադիոյով և հեռուստատեսությամբ: Այո, կարող ենք ասել, որ բավական մեծ է հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ»,-ասաց Աննա Օհանյանը: 

Նախարարությունը հրապարակել է մատակարարների ամբողջ ցանկը՝ կոնտակտային տվյալներով: Հետաքրքրվողները կարող են անմիջապես կապ հաստատել մատակարարների հետ: Բարձրորակ սերմերի վաճառքը նախատեսված է հուլիսի 27-ից հոկտեմբերի 15-ը: Սերմերը պետք է ձեռք բերվեն բացառապես պայմանագրային հիմունքներով: Ձեռքբերված սերմերով պետք է ցանք կատարվի մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը: 

Աշնանացան ցորենի արտադրության խթանման համար ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրին: Հիմնական նպատակն է աշնանացան ցորենի սերմերի գնի սուբսիդավորման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքաշրջանառության խթանմանը, ցանքատարածքների ավելացմանը: Ծրագրով նախատեսվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտար և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի Էկոնոմիկայի նախարարությունը։ Մեկ կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am