1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում հայերի շրջանում կա զգուշավորություն. մանրամասնում է «Ակոս»-ի խմբագիրը

Թուրքիայում հայերի շրջանում կա զգուշավորություն. մանրամասնում է «Ակոս»-ի 
խմբագիրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրերս ազգությամբ հայերի՝ ադրբեջանցիների կողմից հարձակման թիրախ դառնալու գործի հետ կապված իրավական զարգացումներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հրատարկվող «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:  

«Այդ գործերի հետ կապված որևէ  ընթացք չկա: Ոստիկանական որևէ հետապնդում, որևէ  հարցաքննություն չի եղել: Խնդիրը ոստիկանություն չի հասել»,-ասաց Բագրատ Էստուկյանը: 

Նա Ստամբուլում հայերի ու ադրբեջանիցների միջև նման դեպք չի հիշում և նշում է, որ այն կարծես նորություն լինի: 

«Ճիշտն ասած` չեմ հիշում, որ նախկինում նման դեպքեր եղած լինեն: Ամեն դեպքում վերջին օրերին նկատեցինք մի քանի դեպք: Ադրբեջանցիներն ազգությամբ հայ անձանց վրա հարձակվեցին, ծեծկեռտուք եղավ: Իրավիճակը բնականաբար մտահգոիչ է: Այստեղ ապրող հայերի շրջանում կա զգուշավորություն: Մարդիկ միմյանց հետ կապի մեջ են, արագ տեղեկացնում են զարգացումների մասին: Խորհուրդ է տրվում տնից մենակ դուրս չգալ, լինել ինչ-որ մեկի ուղեկցությամբ»,-ասաց  «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիրը: Թուրքիայում ապրող հայաստանցիներից շատերը տեղի համայնքի, հայկական կառույցների հետ կապի մեջ չեն, որքանով է մեծ նրանց թիրախավորված լինելու հավանականությունը: Հարցին ի պատասխան, Բագրատ Էստուկյանը նշեց, որ Հայաստանից եկած շատ հայեր հայկական կառույցերի հետ սերտ շփումներ չունեն, սակայն իրենք միմյանց միջև սերտ կապի մեջ են, զարգացումներից տեղեկացված են: Նրանց շրջանում նույնպես զգուշավորություն կա:

Դեպքերի առնչությամբ  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էր կատարել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը՝ դիմելով Ներքին գործերի նախարարությանը: 

«Անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել Թուրքիայում ապրող հայերի վրա հարձակման ու սադրիչ գործողությունների դեմ: Այդ հարձակումների հետևում կանգնած մութ ձեռքերը պետք է բացահայտվեն»,-նշել էր նա:

Բագրատ Էստուկյանը նկատեց, որ նման դեպքեր միայն Թուրքիայում չեն, Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Տավուշի հատվածում վերջին սրացումներից հետո հայերի նկատմամբ ադրբեջանցիների ոտնձգությունների կրկնություն եղավ աշխարհի տարբեր երկրներում: 

«Դա թույլ է տալիս ասելու, որ ադրբեջանական որոշ գործակալություններ այս մասով աշխատանքներ են տանում: Այս օրերին տեսնում ենք, որ տարբեր քաղաքներում Հայաստանի դեսպանները, հյուպատոսներ հորդորով են հանդես գալիս՝ ուղղված մեր հայրենակիցներին, որպեսզի զգուշ լինեն չտրվեն սադրանքներին»,-ասաց Բագրատ Էստուկյանը: 

Օրեր առաջ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթը տեղեկացրել էր, որ Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիների կողմից հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել։ Հայերի վրա հարձակվելու ևս երկու դեպք գրանցվել էր դրանից առաջ:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:  

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքերի առնչությամբ: Նշվում էր, որ եղել են ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: «Այս գործողությունների ընդլայնվող աշխարհագրությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իրականացվող գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավման փաստերը վկայում են, որ վերոնշյալ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]