Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արամայիս Սարգսյանի դերակատարմամբ «Մի ֆունտ սիրտը» նոր շնչով կներկայացվի «Արմմոնո» փառատոնին  

Արամայիս Սարգսյանի դերակատարմամբ «Մի ֆունտ սիրտը» նոր շնչով կներկայացվի 
«Արմմոնո» փառատոնին

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի անցկացվելու է ոչ միայն Երևանում, այլև Վանաձորում:

Փառատոնի շրջանակում օգոստոսի 8-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բացօթյա հարթակում թատերասերները հնարավորություն կունենան դիտելու Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» մոնոներկայացումը, որի բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է, դերակատարը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը:


Պիեսի հիմքում Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականն» է, և Խալաթյանը, որոշակի փոփոխությունների ենթարկելով հերոսի՝ Շեյլոկի կերպարը, այն դարձրել է մեր ժամանակին համահունչ ասելիքի և բովանդակության կրող:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դերասան Արամայիս Սարգսյանն ասաց, որ ինքն է խնդրել Սամվել Խալաթյանին գրել պիեսը:

«Ինձ հետաքրքրում էր Շեյլոկի ոչ թե վաշխառու լինելը, այլ նրա ազգային արժանապատվության ոտնահարման խնդիրը: Այն թատրոնները, որոնցում բեմադրվել է «Վենետիկի վաճառականը», ընդգծվում է Շեյլոկի վաշխառու լինելը, և դեռ Շեքսպիրի ժամանակներից կար այդ մոտեցումը: Շեքսպիրն էլ չի սիրել Շեյլոկին, որը, հավանաբար, իր համար եղել է բացասական կերպար:

Սամվելին խնդրեցի այլ տեսանկյունից մոտենալ հարցին: Մի քանի ամիս ձգձգելուց հետո Խալաթյանը երեք օրում գրեց ամբողջ պիեսը»,- պատմեց Սարգսյանն ու շեշտեց, որ մոտենում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և ինքը ցանկանում էր՝ բեմադրվի լավ ներկայացում, որը կանդրադառնա ցավոտ թեմայի՝  ազգային ողբերգությանը: Այդպես այդ ցավը կարող էր դառնալ աշխարհի սեփականությունը, և մարդիկ չէին կարծի, որ Հայաստանը, երևի, Թուրքիայի գավառներից մեկն է:

Դերասանի խոսքով՝ 2009-ին բեմադրել են ներկայացումը, որն անգամ խաղացել է Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին: Մոնոներկայացումը բարձր գնահատականի է արժանացել, բայց թատրոնի խաղացանկում չի ընդգրկվել:

«Համավարակի տարածման ընթացքում կարծեցի՝ մոնոներկայացումը կարող է շահեկան լինել: Այդ մասին խոսեցի Վահե Շահվերդյանի հետ, որն ընդունեց բեմադրելու առաջարկությունը: Շահվերդյանը հիմնովին փոխել է այն: Խալաթյանի հետ քննարկումներ ենք անցկացնում. որոշ բաներ կրճատվել են, որոշ բաներ էլ՝ թարմացվել»,- ասաց Արամայիս Սարգսյանը:

Անդրադառնալով համավարակի պատճառով հատկապես թատրոններում ստեղծված բարդ իրավիճակին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը նշեց, որ ողբերգություն է այն, որ տևական ժամանակ է՝ դերասանները չեն կարողանում բեմ բարձրանալ ու խաղալ, քանի որ դերասանը պետք է ստեղծագործի, խաղա, որպեսզի չլճանա:

Նա հիշեցրեց, որ «Բոհեմ» կամերային թատրոնը, որի հիմնադիրներից էր ինքը, ճգնաժամային տարիներին էր ստեղծվել: 1993-ին, երբ պատերազմական ժամանակներ էին, դերասաններն ապատիայի մեջ էին, Սարգսյանն իր գործընկերներ Գրետա Մեջլումյանի և Վրույր Հարությունյանի հետ հիմնել է «Բոհեմ» կամերային թատրոնը:

«Դա առաջին հերթին աշխատելու, ստեղծագործելու ծարավից էր: 1994-ին մեր թատերախմբով Ղարաբաղում խաղացինք «Ռանչպարների կանչը» ներկայացումը:

Մի խոսքով՝ երբ դերասանի ստեղծագործական ավյունը, ջիղը, էներգիան, տաղանդը մնում են չպահանջված, ստեղծվում են փոքր թատրոններն ու փոքրածավալ ներկայացումները, առավել ևս՝ մոնոներկայացումները: Պետք է շեշտեմ նաև առաջնախաղերի կարևորությունը: Անկախ ամեն ինչից՝ դերասանը մշտապես սրտատրոփ է սպասում առաջնախաղերին: Դերասանն ապրում է դրանով. եթե  նա բեմ դուրս չգա, չտեսնի լույսերի խաղը, չլսի ներկայացման երաժշտությունը, չզգա հանդիսատեսի շնչառությունը, որոշ ժամանակ հետո չի կարողանա ստեղծագործել: Նա պետք է անընդհատ աշխատի, նրա փայլը պետք է պահպանվի, եթե մի քիչ պարապուրդի մատնվի, փայլը կկորի, և ժանգը կպատի նրան»,-ընդգծեց Սարգսյանը:

Խոսելով «Արմմոնո» փառատոնից՝ նա անդրադարձավ ձևաչափին՝ տեղեկացնելով, որ դերասանները խաղալու են բեմում, իսկ հանդիսատեսը բակում է նստելու՝ պատի վրա ամրացված կինոպաստառով հետևելով ներկայացմանը: Այդպես պահպանվելու են անվտանգության կանոնները: «Ինչ կա որ. դա էլ է տարբերակ: Այնուամենայնիվ, հանդիսատեսի արձագանքը, շնչառությունը ազդակ է տալիս դերասանին, հնարավոր է՝ թատերասերն անտարբեր լինի, և դերասանը տապալվի: Մի խոսքով՝ թատրոնը կենդանի շփում է պահանջում»,- եզրափակեց Արամայիս Սարգսյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am