Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

Մակունցը ՀԱՊԿ-ի կողմից համարժեք արձագանք է ակնկալում Ադրբեջանի գործողություններին

Մակունցը ՀԱՊԿ-ի կողմից համարժեք արձագանք է ակնկալում Ադրբեջանի 
գործողություններին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և միջազգային կառույցների կողմից համարժեք արձագանք է ակնկալում հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակունցը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը՝ ակտիվորեն ծավալելով ռազմական գործողություններ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների ներգրավմամբ: Ակնհայտ է, որ այս գործողություններն Ալիևի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում են և միտված են վնասելու բանակցային խաղաղ գործընթացին: Այդ տեսանկյունից կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿի կողմից՝ ուղղված Ադրբեջանին, որը լրացուցիչ զսպաշապիկ կհանդիսանա ռազմատենչ Բաքվի համար»,- գրել է Մակունցը:

Խմբակցության ղեկավարը հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմն արագորեն կանի համապատասխան հետևություններ և մարդկային կյանքերի գնով չի փորձի իր համար ներքաղաքական խնդիրներ լուծել՝ հակառակ դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքԺամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել  է ադրբեջանական զինուժի  2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։ Հիվանդանոցում մահացել է վիրավորներից ևս մեկը:

Շուշան Ստեփանյանը այնուհետև հայտնել է, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը:

«Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ստեփանյանը:

Հայկական Զինված ուժերը մարդկային և այլ կորուստներ, վիրավորներ չունեն: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ