Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Աննան կանաչ կտուրներից» բեսթսելերը բնագրային թարգմանությամբ դրվել է ընթերցողի սեղանին

«Աննան կանաչ կտուրներից» բեսթսելերը բնագրային թարգմանությամբ դրվել է 
ընթերցողի սեղանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի ճանաչված հեղինակ Լուսի Մոդ Մոնթգոմերիի «Աննան կանաչ կտուրներից» բեսթսելերը բնագրային թարգմանությամբ ներկայացվել է ընթերցասերներին: Վեպը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանել է Աննա Դանիելյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 10-ին օնլայն ձևաչափով:

«Այս գիրքն աշխարհում վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով, թարգմանվել է բազմաթիվ լեզուներով»,-նշեց  «Էդիթ Պրինտ»-ի PR մենեջեր Ռոզա Գրիգորյանը:

Անդրադառնալով Աննա Դանիելյանի հետ համագործակցությանը՝ Գրիգորյանն ասաց, որ սա հրատարակչության և Աննայի առաջին համատեղ աշխատանքը չէ: Աննան անգլերենից հայերեն է թարգմանել նաև Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» ստեղծագործությունը:

««Աննան կանաչ կտուրներից» վեպի հերոսուհու կյանքին առնչվելը երազանքի էր նման: Պարզվեց, որ գիրքը մայրիկիս մանկության սիրած ստեղծագործություններից է: Առավել ջերմություն զգացի գրքի հանդեպ, և դա բարդացրեց թարգմանական աշխատանքը: Թարգմանել մի գործ, որի համար այդքան մեծ պատասխանատվություն ես զգում, դժվար է»,-խոստովանեց Աննա Դանիելյանն ու հավելեց, որ մեծ սիրով է փորձել ընթերցողներին փոխանցել հերոսների զգացմունքները:

Դանիելյանը շնորհակալություն հայտնեց գրքի խմբագիր Քրիստինե Չիլինգարյանին իրեն աջակցելու համար:

1908 թվականին հրատարակվելուց ի վեր՝ «Աննան կանաչ կտուրներից» վեպը մշտապես համաշխարհային բեսթսելերի դերում է եղել։ Լուսի Մոդ Մոնթգոմերիի այս ստեղծագործությունը բազմիցս էկրանավորվել է, այդ թվում PBS, The Disney Channel ու Netflix ընկերությունների կողմից՝ վաստակելով թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների սերն ամբողջ աշխարհով։ Վեպը գրվել է բոլոր տարիքի ընթերցողների համար, սակայն առավել մեծ ճանաչման արժանացել մանկական գրականության ասպարեզում։ Վեպը պատմում է 11-ամյա որբ աղջնակի՝ Աննա Շիրլիի մասին։ Մեթյու և Մարիլա Քաթբերտները՝ միջին տարիքի քույր և եղբայր, որոշում են տղա որդեգրել, ով կօգներ իրենց Կանաչ կտուրներ ագարակի աշխատանքները վարելիս, սակայն տեղի է ունենում սխալմունք ու նրանց մոտ են ուղարկում կարմրահեր, խելացի ու երազկոտ Աննա Շիրլիին։ Վեպում ներկայացված են Աննայի արկածները Կանաչ կտուրներում՝ մի վայրում, ուր աղջիկը վերջապես գտնում է իր տունը։ Հրապարակման օրվանից «Աննան կանաչ կտուրներից» վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել առնվազն 36 լեզուներով։ Լ. Մ. Մոնթգոմերին գրել է բազմաթիվ շարունակություններ։ Գրքի բնօրինակը դասավանդվում է ուսանողներին աշխարհի տարբեր երկրներում։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am