Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Օգոստոս

Ներկայացվել է «Աստղադիտարանի արձակ» ստեղծագործության հայերեն թարգմանությունը

Ներկայացվել է «Աստղադիտարանի արձակ» ստեղծագործության հայերեն 
թարգմանությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Programa Sur» թարգմանությունների աջակցության ծրագրի շրջանակներում ներկայացվել է Խուլիո Կորտասարի «Աստղադիտարանի արձակ» վիպակի հայերեն թարգմանությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունից;

«Վիրտուալ այս շնորհանդեսում տեղ են գտել թե՛ թարգմանությունների այս ծրագրի, թե՛ Կորտասարի սույն ստեղծագործության մասին մտորումներ ու մեկնաբանություններ, որը ներկայացնում է Հնդկաստանում գտնվող Ջանտար-Մանտար աստղադիտարանի մասին պատմող լուսանկարչական էսսե:

Ինչպես նշեց Դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրեանը, «Programa Sur» ծրագիրը մեկնարկել է Արգենտինայի կառավարության կողմից  արգենտինացի հեղինակների ստեղծագործությունների թարգմանության խթանման համար, նրանց օտար լեզուներով հրատարակելու և արտերկրում մեր պատկերացումները, գաղափարներն ու արժեքները տարածելու նպատակով»՝ հավելելով, որ այս ծրագիրը դարձել է ամերիկյան մայրցամաքի թարգմանչական դրամաշնորհային ամենածավալուն ծրագիրը`ներառելով տարեկան միջինը 135 գիրք:           

Չիլինգիրեանը շնորհակալություն հայտնեց գրքի հայերեն թարգմանությունն իրականություն դարձնողներին՝ հատկապես գրքի թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանին ու «Ակտուալ արվեստ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Մաթևոսյանին:

Գրքի թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանն էլ իր հերթին նշեց. «Վիպակն անդրադառնում է օձաձկներին, աստղերին, սուլթան Ջայ Սինգհին, բայց այն իհարկե մտածող մարդու մասին է։ Այն մարդու, որն  ուսումնասիրելով օձաձկների կյանքի ցիկլը, մտորելով աստղագիտության ու փիլիսոփայության հարցերի շուրջ՝ երբեմն մոռանում է այդ ամենը միավորողի՝ ընդհանուր պատկերի մասին»:

Մինչ օրս Programa Sur-ը տրամադրել է 1472 դրամաշնորհ 46 լեզուներով թարգմանված աշխատանքների համար, որոնց հրատարակումը ներառում է հինգ մայրցամաքների 51 երկիր և որի համար հատկացվել է ավելի քան 4.000.000  ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ ավելի քան 420 արգենտինացի հեղինակների ստեղծագործությունների թարգմանության համար:

2010 թվականից ի վեր Հայաստանում թարգմանվել է 14 ստեղծագործություն, որոնց շարքում են այնպիսի հայտնի գրողների ստեղծագործություններ, ինչպիսիք են Անա Մարիա Շուան, Ռոբերտո Արլտը, Ադոլֆո Բիոյ Կասարեսը,  Խորխե Լուիս Բորխեսը, Խուլիո Կորտասարը և այլոք»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ