Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Օգոստոս

Գույքահարկի փոփոխությունների արդյունքում համայնքային բյուջեների եկամուտներն այդ մասով կաճեն 4 անգամ

Գույքահարկի փոփոխությունների արդյունքում համայնքային բյուջեների եկամուտներն 
այդ մասով կաճեն 4 անգամ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գույքահարկի փոփոխությունների արդյունքում նախատեսվում է, որ 2026-ին ամբողջ հանրապետության մակարդակով համայնքային բյուջեների՝ անշարժ գույքի հարկի մասով եկամուտները կաճեն 4 անգամ: Այս մասին ասաց ՀՀ  Ֆինանսների նախարարության եկամուտների Քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե որքանո՞վ կավելանան գույքահարկի փոփոխությունների արդյունքում համայնքային բյուջեները:

«Պետությունը գույքահարկի փոփոխությունների նախագիծը մշակելիս նախ ամբողջ հանրապետության մակարդակով արել է գնահատականներ: Անշարժ գույքի մասով այսօրվա հարկային պոտենցիալը մոտ 9.5 մլրդ է, այսինքն՝ համայնքները մոտ 9.5 մլրդ հարկ կարող են հավաքել անշարժ գույքից՝ գյուղատնտեսական նշանակության հողերը հանած: Ամբողջությամբ բարեփոխումից հետո՝ 2026 թվականին գնահատվում է, որ մոտ 40 մլրդ եկամուտ են ունենալու: Այսինքն համայնքային բյուջեների եկամուտները 4 անգամ աճելու են ամբողջ հանրապետության մակարդակով»,-ասաց Ալավերդյանը Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած՝ անշարժ գույքի հարկման նոր համակարգի թեմայով առցանց քննարկմանն  ու նշեց, որ սրանք հաշվարկային թվեր են:

Նա նկատեց, որ բոլորը համայնքները կունենան 4 անգամ ավելի շատ եկամուտներ, եթե ջանքեր գործադրեն հավաքագրումն ապահովելու առումով. կառավարությունն այդ հնարավորությունը տվել է:  

Մարդիկ գույքահարկը վճարում են համայնքajin բյուջեներ: Ալավերդյանը շեշտեց, որ այդ համայնքի մատուցած ծառայություններից օգտվում են հենց այդ հարկը վճարած մարդիկ:

ՀՀ ազգային ժողովը հունիսի 25-ին ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով ըստ էության աստիճանաբար առաջարկվում է գույքային հարկի բեռի բարձրացում: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի  նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով  0.05 տոկոս հարկման դրույքաչափ: Ավելի բարձր գույքահարկերին անցնելու համար սահմանվել է 6 տարի: Այսպիսով՝ անշարժ գույքի սեփականատերերը առաջին տարում՝ 2021 թվականին կվճարեն գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ