Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կյանքս չեմ պատկերացնում առանց մետրոպոլիտենի. ինչպես անգլերենի մասնագետը դարձավ կարգավար

Կյանքս չեմ պատկերացնում առանց մետրոպոլիտենի. ինչպես անգլերենի մասնագետը 
դարձավ կարգավար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն և գրականություն բաժնի շրջանավարտ, իսկ թաքուն երազանքներում՝ բալետի պարուհի Աղավնի Մարտիրոսյանն իր կյանքի 40 տարին նվիրել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ տիկին Աղավնին պատմեց Կրասնոդար տեղափոխվելու, այնտեղից Հայաստան վերադառնալու, ընտանիքի, առանց Մետրոպոլիտենի իր կյանքը չպատկերացնելու և այլ թեմաների մասին։

40 տարվա կյանքը պատկանում է Մետրոպոլիտենին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում առաջին անգամ էի որպես լրագրող և ոչ որպես ուղևոր: Երբեք չէի եղել կարգավարի սենյակում ու գրեթե չէի պատկերացնում, թե ինչ է կատարվում այնտեղ և ինչ աշխատանք է իրականացվում:

Եվ ահա, դուռը բացեցի ու մտա, դիմացս կարգավարի մեծ էկրանն էր, որտեղ կային բազմաթիվ կոճակներ, լույսեր, երևում էր, թե այդ պահին մետրոյի որ կայարանում գնացք կար: Ամեն ինչ այնքան խառը թվաց, որ ոչինչ չհասկացա ու սկսեցի հարցնել տիկին Աղավնիից, ով արդեն 40 տարի աշխատում է ոլորտում:

Նա համբերատար ինձ ներկայացրեց, թե էկրանին որ կետն ինչ է նշանակում, ինչ լույսեր են վառվում, ինչպես նաև, թե ինչպես է սկսում իրենց աշխատանքային օրը։

«Այստեղ ամեն օր աշխատանքի է գալիս տիկին Մանուշակը (Մանուշակ Մարտիրոսյան), որն ավագ կարգավարն է։ Մեզ մոտ 12-ժամյա հերթափոխային աշխատանք է, մենք գալիս ենք առավոտյան 9։00-ին և երեկոյան 7-ին ավարտում։ Միշտ առավոտյան մոտ 20 րոպե շուտ ենք գալիս, որպեսզի ծանոթանանք օրվա սպասվող գործողություններին, քանի որ երբեմն փոփոխություններ են հնարավոր։ Երբ հերթափոխ ենք ընդունում, անպայման, զեկուցում ենք հերթապահներին, թե ով է կարգավարը, և մենք էլ այդ պահին իմանում ենք, թե որ կայարանում որ հերթապահն է»,- նշեց Աղավնի Մարտիրոսյանը։  

Էկրանին վառվող դեղին կետագծերը, ինչպես տիկին Աղավնին բացատրեց, ցույց էին տալիս, թե որ կայարանում կա գնացք, անջատված սեղմակները նշանակում են, որ այդ գնացքը փակի տակ է և, որպեսզի գնացքը գնալու թույլտվություն ստանա՝ պետք է հատուկ գործողություններ կատարվեն։ 

«Էկրանին երևացող կանաչ լույսերը նշանակում են, որ կարելի է երթևեկել, ինչպես փողոցում լուսաֆորների կանաչ լույսի դեպքում։ Կարմիր լույսերն էլ նշանակում են, որ երթուղին պատրաստ է, որպեսզի այդ հատվածից թույլատրվող ազդանշան տրվի»,- ներկայացրեց տիկին Աղավնին։

Կրասնոդարից վերադարձավ իր սիրելի Հայաստան, որ աշխատի մետրոպոլիտենում

Տիկին Աղավնին, ով ամուսնացել էր և նորաստեղծ ընտանիքով տեղափոխվել էր Կրասնոդար, 1981 թվականին ժամանել է Հայաստան՝ Ամանորն այստեղ դիմավորելու համար։ 22-23 ամյա Աղավնիին այդ ժամանակ հայտնել էին, որ Մետրոպոլիտենը, որը գրեթե նոր էր կառուցվել՝ աշխատողներ է փնտրում, ում նաև ապահովելու է բնակարանով։

«Ինձ համար այդ առաջարկը շատ կարևոր էր, քանի որ ես Հայաստանն ու հատկապես Երևանը շատ եմ սիրում։ Որոշեցինք ընդմիշտ վերադառնալ Հայաստան, որտեղ այն ժամանակվա պրոֆ․ ուսումնարանում կուրսեր անցա, կարմիր դիպլոմով ավարտեցի, Մետրոպոլիտենում հանձնեցի համապատասխան քննություններն ու անցա աշխատանքի։ Սկսել եմ ամենացածր օղակից՝ 2 ամիս աշխատել եմ հսկիչ կետում, 6 ամիս եղել եմ կառամատույցի ընդունող, իսկ դրանից հետո՝ կայարանի հերթապահ։ 10 տարի աշխատել եմ կենտրոնացված կետի հերթապահ։ Ընթացքում համապատասխան քննություններ հանձնելով` դարձա գնացքի կարգավար և արդեն 26 տարի աշխատում եմ այստեղ»,- ասաց Աղավնի Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, երբ սկսում ես երիտասարդ տարիքից աշխատել ու այդ աշխատանքը քեզ դուր է գալիս, դու սկսում ես ստեղծագործել, ամբողջ էներգիադ տալիս ես, կյանքդ ես դնում։  

Կրթել է ու պատրաստել գծի հերթապահների

40 տարում տիկին Աղավնին աշակերտներ է ունեցել և շատ գծի հերթապահներ է պատրաստել։

«Կենտրոնացված կետի հերթապահներ էլ եմ պատրաստել, իսկ կարգավար՝ դեռևս միայն մեկին։ Մենք այնքան ենք սիրում այս աշխատանքը, որ չենք հաշվում, թե քանի աշակերտ ենք ունեցել, չենք մտածում, որ մեզ պետք է դրա համար վարձատրեն։ Մեզ համար վարձատրությունը պրոֆեսիոնալ կադրեր ունենալն է»,- նշեց կարգավարը։ 

Չնայած նրան, որ տիկին Աղավնին, տիկին Մանուշակն ու Մետրոպոտիտենի մյուս երկարամյա աշխատողները կադրեր պատրաստել են, սակայն իրենք երբեմն մտածում են, որ իրենց հեռանալուց հետո այնտեղ դատարկ է լինելու։ 

«Ես մտածում եմ, երբ ես թողնեմ աշխատանքս և հեռանամ այստեղից, ինձ անընդհատ կթվա, որ մի բան այստեղ պակաս է, դատարկ։ Իրականում այդպես չի, սակայն մենք արդեն ապրում ենք այս ամենով, այդ պատճառով էլ այդպես եմ մտածում։ Մի անգամ էլ տղաս, երբ բանակից նոր էր վերադարձել, շատ տագնապալից դեմքով ասաց, թե իր կարծիքով այն դիրքը, որն այդ 2 տարվա ընթացքում ինքը պահել է՝ դատարկ է։ Սա գուցե բնավորություն է, սակայն երբ սիրում ես այն, ինչ անում ես՝ այլ կերպ չես կարող»,- անկեղծացավ տիկին Աղավնին։

40 տարում եղել են և՛ ուրախ, և՛ դժբախտ դեպքեր

Վերհիշելով դժբախտ դեպքերից մեկը` տիկին Աղավնին պատմեց, որ այդ ժամանակ ընդամենը 6 տարի էր անցել, ինչ ինքը դարձել էր գնացքի կարգավար։ Մի գնացքն անսարք էր, իսկ մյուսը պետք է հետևից գար ու հատուկ գործողությունների միջոցով շղթայելով իրար պետք է դուրս գային այդ տարածքից։ Երբ արդեն պետք է միացումը կատարվեր, մեքենավարի սխալ գործողությունների պատճառով նա մահացել էր հենց գծում։ 

Հիշելով ուրախ պահերը, որոնք բազմաթիվ են եղել իրենց աշխատանքային կյանքում, տիկին Աղավնին պատմեց դրանցից մեկը, որ 1988 թվականին է կատարվել։ Նա փախել էր աշխատանքից, իր հետ տանելով ևս 2 աշխատողի։

«Գիշերը ժամը 4-ն էր, երբ բանալիով փակեցի ամեն ինչ և դուրս եկանք ու գործընկերներիս ասացի, որ չվախենան, հայտնաբերվելու դեպքում ողջ պատասխանատվությունն ես ինձ վրա կվերցնեմ։ Այդպես դուրս եկանք, գնացինք Հանրապետության հրապարակ։ Այնտեղ կարծես մեզ ընդառաջ գալիս էին շատ հաղթանդամ տղաներ և այդ պահին ինձ թվում էր, թե նրանք Տիգրան Մեծի ժամանակ հաղթանակներ տարած տղաներն են։ Իհարկե, այդ ամենից հետո մեզ եկան, բռնեցին, սակայն ընդամենը նկատողություն տվեցին, որովհետև ես այստեղ միշտ սիրված եմ եղել և երբեմն էլ լկստված»,- անկեղծացավ տիկին Աղավնին։  

Երեխաներն այլ մասնագիտություններ են ընտրել

Աղավնի Մարտիրոսյանն ունի 2 երեխա՝ 1 աղջիկ և 1 տղա, սակայն նրանք չեն ընտրել իրենց մոր մասնագիտությունն ու իրենց կյանքը մի փոքր այլ կերպ են դասավորել։ Հենց ինքը՝ տիկին Աղավնին, սովորել է Երևանի պետական համալսարանի Ռոմանո-գերմանական ֆակուլտետի անգլերենի բաժնում, սակայն այդ ոլորտում երբեք չի աշխատել։

«Աղջիկս մասնագիտությամբ արևելագետ է, իսկ տղաս՝ տնտեսագետ, սակայն մասնագիտությամբ չի աշխատում՝ իր սեփական բիզնեսն ունի։ Ընտանիքում բոլորս ապրում ենք մեկս մյուսով։ Տղայիս կինն էլ բժիշկ է, սակայն, երբ ատեստացիայի համար տանը սկսում եմ պարապել, հարսս կատակելով ասում է․ «ասե՞մ սլաքային փոխադրիչների թերությունները» կամ, թե գնացքը որտեղ է գնում»,- ասաց տիկին Աղավնին և հավելեց, որ իրենց ընտանիքում մշտապես առաջնորդվում են «Բոլորը մեկի, մեկը բոլորի համար» կարգախոսով։ 

Տիկին Աղավնիի աղջիկն ունի 1 աղջիկ, նրանք ընտանիքով ապրում են Ռուսաստանի Դաշնությունում և ինքը թոռանը դիմելիս ասում է՝ «դու իմ солнце» (արև - խմբ․)։ Տղան էլ ունի 2 երեխա՝ մեկը 2,6 տարեկան է, մյուսը՝ 10 ամսական։ 

«Փոքր թոռնիկիս քնեցնելիս անպայման օրորոցային եմ երգում, օրինակ՝ «Արի իմ սոխակ» երգը նա ինձ հետ հավասար երգում է մինչև վերջ, իսկ երբ «Հորովել»-ն եմ երգում, նա լուռ լսում է, բայց հենց ասում եմ «հո եզո ջան, հո», պարտադիր գլուխը թեքում ու նայում է ինձ»,- հատուկ ջերմությամբ պատմեց տիկին Աղավնին։

Բալետի պարուհի լինելու երազանք է ունեցել միշտ 

Ամբողջ կյանքում Աղավնի Մարտիրոսյանը երազել է բալետի պարուհի լինել։ Ինչպես ինքն է ասում՝ բալետն իր համար այլ աշխարհ է։ Ասում է, եթե չդառնար գնացքի կարգավար, կդառնար պարուհի։ 

«Հիմա էլ կարգավարական կենտրոնացված կետում հաճախ հոգնածությունս փորձում եմ անցկացնել հենց պարի միջոցով։ Միացնում եմ երաժշտությունն ու մի քանի րոպե պարում, իմպրովիզներ եմ անում։ Իմ այս սովորության մասին մետրոպոլիտենում շատերը գիտեն»,- ծիծաղելով ասաց տիկին Աղավնին։


Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am