Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սփյուռքի հետ տարվող աշխատանքները նոր որակ են ստանում

Սփյուռքի հետ տարվող աշխատանքները նոր որակ են ստանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երբ 2019 թ. մայիսին «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո սփյուռքի նախարարությունը միացման ձեւով վերակազմավորվեց վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի, հասարակության որոշ հատվածներից կարծիքներ հնչեցին, թե աշխարհասփյուռ 6 միլիոնից ավելի հայերի հետ համագործակցության հարցերը երկրորդ պլան կարող են մղվել։ Սակայն նախորդ տարվա միայն 7 ամսվա աշխատանքների դիտարկումը փաստում է, որ այս կառույցը ոչ միայն շարունակել է բնականոն գործունեությունը, այլեւ մեծ ծավալի ու որակապես նոր նախաձեռնություններով է հանդես եկել։

Կառույցի գործողությունների թիրախում շարունակում է մնալ մայր հայրենիքի զարգացման եւ հզորացման գործընթացին սփյուռքի ներուժի ներգրավումը։ Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում կազմակերպվեց «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափ ծրագիրը։ Ծրագրին մասնակցեցին 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական ստարտափների 80 ներկայացուցիչ։ Միջոցառումը իրականացվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։ Այն հնարավորություն է տալիս սփյուռքի նորաստեղծ ընկերություններին իրենց ստարտափները բերել Հայաստան, ինչի կարիքը մշտապես զգացվում է մեր երկրում, հատկապես տեխնոլոգիաների արագ զարգացման այս ժամանակաշրջանում։ Նման միջոցառումներով սփյուռքում ստեղծված ընկերությունների համար հնարավորություններ են ընձեռվում նաեւ ստանալ գործնական ուսուցում տեղի եւ հրավիրված միջազգային փորձագետների կազմակերպած դասընթացների ժամանակ, որի ընթացքում անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում Հայաստանի տնտեսության առանձնահատկությունների մասին։ Նաեւ այդ գիտելիքների հիմքով վերջիններս ներկայացրել են իրենց ստարտափները տեղական եւ միջազգային մասնակիցներից կազմված ժյուրիին։ 2019 թ. 6 ստարտափ դրամաշնորհի են արժանացել։ Ծրագրի գումարները ոչ միայն դրամաշնորհների վրա են ծախսվել, այլեւ ներդրվել են ստարտափների ինկուբացիայի, աքսելերացիայի եւ գլոբալ շուկաներ դուրս գալու միջոցառումների համար։

Հայաստանի եւ սփյուռքի մասնագետների միջեւ կապն ու համագործակցությունը սերտացնելու նպատակով սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը, համագործակցելով ոլորտների պատասխանատու գերատեսչությունների հետ, 2019 թ. երկրորդ կեսի ընթացքում կազմակերպել է 3 համաժողով։ Հուլիսին առողջապահության նախարարության հետ նախաձեռնած Հայ բժշկական համաշխարհային համաժողովին մասնակցել է 435 բժիշկ աշխարհի 21 երկրից։ Համաժողովն անցկացվել է «Հայաստան—Սփյուռք—Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության» կարգախոսով։ Այն էական ներդրում ունեցավ աշխարհասփյուռ հայ բժիշկների միջեւ փորձի փոխանակման, առողջապահության ոլորտում համագործակցության մեխանիզմների շուրջ գործակցության ընդլայնման գործընթացներում։ Համաժողովի անդամները միմյանց փոխանցեցին բժշկության ոլորտում իրենց ձեռք բերած առաջադեմ փորձը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն էկոնոմիկայի նախարարությունը միասին հոկտեմբերին կազմակերպել էին «Հայկական առեւտրային ցանց» Հայաստան—սփյուռք գործարար կապերի ամրապնդման 4—րդ խորհրդաժողովը։ Համաժողովին մասնակցել են 26 երկրի 197 ներկայացուցիչ։ Քննարկել են Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգը, հնչել օգտակար գաղափարներ այն արագացնելու եւ արդիական լուծումներ տալու նպատակով։

2019 թ. հոկտեմբերին տեղի է ունեցել եւս մեկ մասշտաբային համաժողով, որը կրկին նվիրված է եղել առողջապահության խնդիրներին։ Ֆրանսիայի «Ակցիա առողջության Հայաստան—Ֆրանսիա» կազմակերպության եւ մեր երկրի առողջապահության ոլորտի պատասխանատու նախարարության հետ կազմակերպվել է Սրտաբանության եվրակովկասյան 7—րդ համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի, սփյուռքի եւ Արցախի 380 սրտաբան բժիշկ եւ ոլորտի այլ մասնագետներ։

Սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման գործընթացում առավելագույնս օտագործելու նպատակով գրասենյակն ուսումնասիրել է իրավական նորմերի այն դրույթները, որոնք առնչվում են հանրապետության հանրային կյանքում սփյուռքահայերի ներգրավմանը, ինչպես նաեւ, ինչը ոչ պակաս կարեւոր է, Հայաստանի պետական կառավարման համակարգում նրանց դերի բարձրացմանը։ Այդ նպատակով մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը սփյուռքի մեր հայրենակիցներին հնարավորություն կտա իրենց գիտելիքներն ու հմտությունները ներդնել հասարակական եւ պետական համակարգերի զարգացման գործում։

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններից է հայրենադարձության խթանումը։ Նախորդ տարի մշակվել եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկվել են «Հայրենադարձության մասին» օրենքի եւ «Հայրենադարձության ռազմավարության» նախագծերը։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակն առաջարկություններ էր ներկայացրել, որպեսզի մաքսային կարգավորման ոլորտում հայրենադարձներին անձնական գույքի տեղափոխման հարցում բարելավում արվի։ Նախաձեռնությունն ընդունվեց 2020 թ. ԱԺ 7—րդ գումարման նստաշրջանում։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում էականորեն նվազեցվեցին հայրենիք վերադարձող անձանց անձնական գույքի մաքսավճարները եւ առանձին դեպքերում նաեւ թույլատրվեց անձնական օգտագործման մեքենաները ներմուծել առանց մաքսազերծման։

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախորդ տարի մշակել եւ ՀՀ կառավարության 2020—23 թթ. ծրագրում ընդգրկել է հայրենադարձների եւ վերադարձողների աջակցման փաթեթ, որտեղ ներառված են «Օջախ» բնակարանային հիփոթեքային ծրագիրը, բիզնեսի աջակցման փաթեթը, առողջապահության աջակցման ծրագիրը, ինչպես նաեւ «Մեկ պատուհան» սկզբունքով գործող ինտեգրման կենտրոնի նախագծերը։ Միջազգային եւ տեղական կազմակերպությունների հետ աշխատանքներ են տարվել հայրենադարձներին տարբեր սոցիալական եւ կրթական ծրագրերում ընդգրկելու համար։

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը զգալի քայլեր է կատարել նաեւ հայապահպանության խնդիրների լուծման նպատակով «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում։ Նախորդ տարի աշխարհի 28 երկրից Հայաստան են ժամանել 357 սփյուռքահայ պատանիներ եւ աղջիկներ։ Նրանց համար կազմակերպվել են հայրենաճանաչության մի շարք միջոցառումներ։

2019 թ. նաեւ կազմակերպվել են սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցել է 21 երիտասարդ։ Իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կատարել է 9 այց Ռուսաստան, Կիպրոս, Ուկրաինա եւ ԱՄՆ, որոնց ժամանակ ծանոթացել է համայնքների խնդիրներին ու առաջարկություններին։ Հանդիպումների ընթացքում դուրս են բերվել համայնքների խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ մշակվել են ծրագրեր, որի շրջանակներում իրականացվել են համապատասխան միջոցառումներ։

Սփյուռքի հետ կապերի սերտացման եւ փոխգործակցության աշխատանքները նույն թափով իրականացվում են նաեւ այս տարի։ Չնայած համավարակի պատճառով դանդաղել է որոշ ծրագրերի ընթացքը, սակայն նախատեսվում է պլանավորած համաժողովների մի մասն անցկացնել տեսակապով եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքները համապատասխանեցնել համավարակով թելադրված իրողություններին։

 

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am