Տնտեսություն

Փրկության առաջին քայլն է. տնտեսավարողները ոգևորված են շահութահարկի սպասվող փոփոխությունից

6 րոպեի ընթերցում

Փրկության առաջին քայլն է. տնտեսավարողները ոգևորված են շահութահարկի սպասվող փոփոխությունից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունն առաջարկում է նոր հակաճգնաժամային գործիք, ավտոմատ կերպով կընտրվի եռամսյակի շահութահարկի կանխավճարի կատարման այն տարբեակը, որն ի օգուտ տնտեսավարողի է: Կանխավճարը կկատարվի նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի կամ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ «Արմենպրես»-ը նոր նախագծի վերաբերյալ զրուցել է պատասխանատու և շահագրգիռ կողմերի հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանի խոսքով՝ այս հարցը բարձրացվել է մի շարք տնտեսավարողների, հատկապես զբոսաշրջային ոլորտի տնտեսավարողների կողմից: «Նման առաջարկ հնչել էր նաև փոքր ու միջին ձեռներեցության զարգացման ենթախորհրդի նիստում վերջերս: Եվ սա կարծես հակաճգնաժային գործիք է դառնում, որպեսզի համավարակի արդյունքում հատկապես ամենաշատ տուժած ոլորտներից մեկի՝ զբոսաշրջության բեռը թեթևանա»,-ասաց նա:

Ներգնա զբոսաշրջային գործակալների շահերը ներկայացնող «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանի խոսքով՝ սա իրենց համար փրկության առաջին քայլն էր: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց ոլորտը իսկապես վատ վիճակում է: Մարտից, երբ արդեն պետք է սկսվեր հոսքը, կորոնավիրուսը տարածվեց, և դրա պատճառով հոսքը կանգնեց, զբոսաշրջային գործակալները հայտնվեցին վատ վիճակում: «Նույնիսկ այս պահին մենք ակնկալում ենք, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, առաջին զբոսաշրջիկները կունենանք ոչ ավելի շուտ, քան 2021-ի մարտին»,-ասաց Ազոյանն ու նշեց՝ այս ծանր իրավիճակը նկատի ունենալով դիմել են Էկոնոմիկայի նախարարին՝ շահութահարկի վերանայում անելու առաջարկով:

Ասոցիացիան խնդրել է նախարարին՝ հնարավորություն տալ զբոսաշրջային գործակալներին աշխատել շահութահարկի կանխավճարի այլընտրանքային եղանակով՝ վճարում կատարելով նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի չափով: Գործող օրենքով՝ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով: «Հունիսի 20-ին պետք է վճարեինք նախորդ տարվա արդյունքներով հաշվարկած շահութահարկի 20 տոկոսը: Մեր ասոցիացիայում կան տուրօպերատորներ, որոնք նախորդ տարի 12 հազար զբոսաշրջիկ են սպասարկել: Ունենք գործակալ, որը պետք է վճարեր մինչև 20 մլն դրամ: Այս տարի զբոսաշրջային գործակալներն ընդհանրապես չունեն որևէ շահույթ, դա մեծ խնդիր էր: Եվ հիմա դիմեցինք նախարարին, բացատրեցինք, որ չենք կարող, քանի որ այս տարի ընդհանրապես չենք սպասարկում զբոսաշրջիկների: Նախկինում մինչև մարտի 20-ը դիմելու պարագայում տնտեսավարողը հնարավորություն էր ստանում նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսը վճարել, սակայն մենք չէինք հասցրել դիմել: Հիմա այս առաջարկվող օրենքով ասվում է, որ երկուսն էլ կդիտարկեն, կհաշվարկեն այն, որը ամենաձեռնտուն կլինի տվյալ տնտեսավարողի համար»,-ասաց Ազոյանը:

Նրա խոսքով՝ որոշ զբոսաշրջային կազմակերպություններ փակվելու վտանգի առաջ են, բայց եթե շահութահարկի հարցը լուծվի, բավականաչափ կթեթևացնի բեռը, կկարողանան գրասենյակները պահել: «Սրանով պետությունը օգնում է մեզ մեծ բեռից ազատվել, մենք կկարողանանք գոնե կենտրոնանալ մյուս հարցերը լուծելու վրա: Պատկերացնում եմ, որ սա մեր համագործակցության առաջին քայլն է: Եվ այս հարցի լուծումը մեզ շատ ոգևորել է: Նախարարը մեզ լսեց ու հետամուտ եղավ խնդրին»,-ասաց Ազոյանն ու շնորհակալություն հայտնեց հետևողականության համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համավարկի հենց սկզբի օրերից տարբեր առաջարկություններ է հավաքագրում մասնավոր ոլորտից, որպեսզի համապատասխան հակաճգնաժամային միջոցառումներ ձեռնարկվեն, եթե կառավարությունն ունի նման ռեսուրսներ: Զբոսաշրջության ոլորտից հավաքագրվել են մի շարք միջոցառումներ, որոնք ինկորպորացվել են 3-րդ և 1-ին միջոցառման մեջ: Հնչել է նաև շահութահարկին վերաբերվող առաջարկը, որն այս պահին արդեն իրականություն է դառնում: «Այնուամենայնիվ, դեռ կա հարցերի շրջանակ, որ դուրս է մնացել կառավարության հակաճգնաժամային գործիքներից: Եվ նախարարությունը դեռևս աշխատում է այդ առաջարկների վրա: Դրանք մեր քննարկումների օրակարգում են այս պահին, որպեսզի բոլոր հակաճգնաժամային գործիքներից ու միջոցառումներից դուրս մնացած հարցերին կարողանանք ևս լուծում տալ»,-վստահեցրեց Օհանյանը:

Աջակցության երրորդ գործիքով բավարարված հայտերի մոտ 30 տոկոսը բաժին է ընկնում զբոսաշրջությանը, այսինքն` զբոսաշրջային ծառայություններ, կացություն, զվարճություններ և հանգիստ, 267 հայտ բավարարվել է՝ շուրջ 2 մլրդ 712 մլն դրամի չափով: Իսկ Հանրային սննդի և կացության ոլորտի ընկերություններին հակաճգնաժամային առաջին ծրագրով ընդհանուր առմամբ հատկացվել է 681 մլն դրամ:

Խորհրդարանը հունիսի 15-ի արտահերթ նիստում քննարկում է կառավարության կողմից այս հարցով ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում