Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

Արմեն Սարգսյանը խրախուսել է մի շարք ոլորտներում ուսանողական աշխատանքների մրցույթի հաղթողներին

Արմեն Սարգսյանը խրախուսել է մի շարք ոլորտներում ուսանողական աշխատանքների 
մրցույթի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել էր առցանց դասախոսությունների շարք, որի նպատակն է ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասախոսություն-դասաժամերն ավելի հագեցած դարձնելու, ինչպես նաև ուսանողների կրթական և գիտահետազոտական հմտություններն ու հետաքրքրությունները խթանելու նպատակով Արմեն Սարգսյանը նաև մրցույթի ձևով տնային հանձնարարություններ էր տվել մասնավորապես Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների ուսանողներին՝ առաջարկելով աշխատանքներ գրել տարբեր թեմաներով:

Նախագահ Սարգսյանի առաջարկին արձագանքել են ոչ միայն ԵՊՀ-ի, այլև՝ Հանրապետության մի շարք այլ բուհերի և արտերկրի համալսարանների ուսանողներ։ Նախագահի աշխատակազմ ներկայացված ավելի քան 50 աշխատանքները երեք հիմնական թեմաներով են՝ Մերձավոր Արևելքի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, վարակների մաթեմատիկական մոդելավորումը և համավարակի պայմաններում բուժաշխատողների անվտանգության բարձրացման մեխանիզմները:

Մաթեմատիկական մոդելավորման և բժշկության ոլորտներում աշխատանքներ են ներկայացվել ինչպես անհատ ուսանողների, այնպես էլ խմբերի կողմից։ Նշված ոլորտներից ընտրվել են չորսական, իսկ արևելագիտության ոլորտից՝ երեք աշխատանք։ Ուսանողական աշխատանքներն ամփոփվել են Հանրապետության նախագահի աշխատակազմում ստեղծված հանձնախմբի կողմից: Ընտրված աշխատանքների հեղինակները հյուրընկալվել էին նախագահական նստավայրում։

Շնորհավորելով հաղթողներին և շնորհակալություն հայտնելով իր առաջարկն ընդունելու ու հետաքրքիր ուսումնասիրություններ ներկայացնելու համար՝ նախագահ Սարգսյանը նրանց է հանձնել նախատեսված մրցանակները՝ գրքեր և համակարգչային տեխնիկա։

Նախագահը հետաքրքրվել է ուսանողների հետագա ծրագրերով ու անելիքներով, հաջողություններ մաղթել նրանց՝ հորդորելով շարունակել ներկայացված թեմաների վերաբերյալ ուսումնասիրությունները և ձեռքբերումների մասին պարբերաբար տեղեկացնել իրեն։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել երիտասարդներին։ «Շարունակեք ստեղծագործել, աշխատանք կատարել։ Դա ոչ միայն հետաքրքիր և օգտակար կլինի ձեզ համար, այլև հաճույք կպատճառի ձեզ»,- ասել է նախագահը։

Ուսանողներն իրենց հերթին շնորհակալություն են հաղթել նախագահ Սարգսյանին՝ նշելով, որ նման նախաձեռնություններն ու նախագահի կողմից մրցանակի արժանանալը ոգևորիչ են և խթան՝ ձգտելու նոր հաջողությունների։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ