Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գույքահարկն ավելանալու է առավելապես դղյակների ու ապարանքների համար. վարչապետ

Գույքահարկն ավելանալու է առավելապես դղյակների ու ապարանքների համար. 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեն համախառն ազգային գրպան է և դրան պետք է վերաբերվել այնպես, ինչպես՝ ընտանեկան բյուջեին: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գույքահարկի ոլորտում նախատեսվող փոփոխություններին, որոնք հավանության արժանացան կառավարության նիստում:

«Պետական բյուջեի նկատմամբ կա երկու վերաբերմունք. երբ պետական համակարգը դա համարում է իրենը, իսկ հանրությունը բյուջե վճարած ամեն մի կոպեկ համարում է կորսված փող: Դա մեր համախառն ազգային գրպանն է, և մենք պետական բյուջեին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես վերաբերվում ենք ընտանեկան բյուջեին:

Այո, գույքահարկն ավելանալու է, բայց առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որը մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ ու ապարանքներ: Եթե այսօր նայում ենք այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքահարկ են վճարում, ըստ էության, սիմվոլիկ: Այստեղ ճոխության հարկի բաղադրիչ նույնպես կա:

Հիմա մարդիկ տներ կառուցում են առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու, ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող, այնքան ավելի լավ: Եթե այդպես է, ուրեմն պետք է վճարեն այդպիսի սեփականություն ունեցողները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, առաջին տարում մոտավորապես 500 հազար շահառուների գույքահարկը կպակասի, իսկ հաջորդ տարվանից կսկսի կամաց-կամաց ավելանալ: «Այսինքն՝ 2021 թվականը ճգնաժամային տրամաբանության մեջ կլինի, հետագայում բարձրացումները կլինեն իրավիճակին համարժեք:

Մենք դուրս ենք բերել կամայական հասցեներ և համեմատել ենք այսօրվա գույքահարկի կիրառումը ապագա գույքահարկի հետ: Մենք զուտ բանաձևով ստանում էինք դեպքեր, երբ գույքահարկը 300-400 անգամ բարձրանում է: Որոշեցինք տեղայնացնել և պարզեցինք, օրինակ, որ դա այն դեպքերն են, երբ ասենք այսօր վճարվում է 1 դրամ, օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարի 300 դրամ: Կամ որ դեպքում է, որ 200 տոկոսով աճում է հարկը, դա այն դեպքն է, որ ասենք հիմա վճարում է 500 դրամ, բայց պետք է վճարի 1000 դրամ: Իհարկե, կան դեպքեր, որ հարկը 2-3 անգամ ավելանում է, բայց դա արդարացի ենք համարում, որովհետև այսօր մեծ դղյակներ կան, որ տարեկան վճարում են 800 հազար դրամ, բայց օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարեն 15 մլն դրամ: Այդ սեփականատերերի համար այդ 15 մլն դրամը ոչ մի բան է, ըստ էության: Եթե մարդը այդ կարգի դղյակ է կառուցել, պետք է այդպես էլ լինի»,- ասաց վարչապետը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am