Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական թատրոնի հավակնոտ ծրագրերը

Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական 
թատրոնի հավակնոտ ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը արտակարգ դրության ավարտից հետո «Թատրոնի օր համայնքում» ծրագրի շրջանակում նախատեսում է ներկայացումներով հանդես գալ համայնքներում՝ խաղալով ինչպես տարբեր մշակութային կառույցներում, այնպես էլ՝ բացօթյա տարածքներում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը հիշեցրեց, որ նախորդ տարի թատրոնում բացել են 80 հոգու համար նախատեսված փոքր դահլիճը, որտեղ տիկնիկային ներկայացումներ են բեմադրվում: Նաղդալյանը կարծում է՝ դա մեծ նվաճում է, քանի որ կրտսեր հանդիսատեսին դեռ փոքրուց է անհրաժեշտ կապել թատրոնին: Մինչ կորոնավիրուսի տարածումը փոքր թատրոնում խաղացել են Դերենիկ Մարտիրոսյանի «Երեք խոզուկները»:

Անդրադառնալով սպասվող ներկայացումներին՝ տնօրենը տեղեկացրեց, որ համագործակցելով կրթական հաստատությունների հետ՝ թատրոնը նաև ծրագրային ներկայացումներ է բեմադրում: Բագրատ Գևորգյանն աշխատում է Նար-Դոսի «Մեր թաղը» ստեղծագործության բեմադրության վրա, «Կգամ» ներկայացմամբ  մատուցվելու է Համո Սահյանի պոեզիան, իսկ Երևանից հրավիրված ռեժիսոր Արմեն Մարգարյանը Արտաշատի թատրոնի բեմ է բարձրացնելու «Տունը սահմանի վրա» ներկայացումը, որի հիմքում լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի ստեղծագործությունն է:

«Հաճախ ենք բեմադրական աշխատանքներում ներգրավում հրավիրյալ ռեժիսորների, ինչն արդյունավետ է: Թատրոնը հարստանում է թատերական տարբեր ոճերով, մոտեցումներով»,-նշեց Նաղդալյանը:

Տնօրենը թատրոնի զարգացման գործում կարևորում է նաև փառատոններին մասնակցությունը: «Նախկինում այս հարցը լուծված չէր, և թատրոնը կղզիացած էր, բայց ես խնդիր եմ դրել մասնակցել փառատոնների, ներկայանալ ինչպես հարկն է: Էական է նաև կադրային քաղաքականությունը, գեղարվեստական որակի բարձրացումը: Նման խնդիրներ կան բոլոր թատրոններում, բայց ես հավատում եմ գործընկերներիս և իմ ուժերին, քանի որ հրաշալի դերասաններ կան մեր թատրոնում: Կարող ենք կամաց-կամաց լուծել խնդիրները, և Արտաշատի թատրոնն առավել ներկայանալի դարձնել»,-ընդգծեց նա:

Խոսելով սահմանափակումների պայմաններում առաջիկա հնարավոր աշխատանքի մասին՝ Կամո Նաղդալյանը տեղեկացրեց, որ հունիսի 1-ից կարող են աշխատանքը կազմակերպել տասը հոգանոց խմբերով՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Դերասան Կամո Նաղդալյանը, որն Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր, տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթում հաղթել է մայիսի 25-ին: Մրցույթը տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am