Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց ԼՀԿ-ի՝ խորհրդարանական լսումների իրավունքին առնչվող նախագիծը

ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց ԼՀԿ-ի՝ խորհրդարանական լսումների իրավունքին 
առնչվող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում էր խմբակցություններին թույլ տալ մեկից ավելի անգամ հրավիրել խորհրդարանական լսումներ՝ ընդ որում ցանկացած թեմայով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Մեր նախաձեռնությունը վերաբերում է խորհրդարանական լսումների իրականացմանը: Այս հարցը շատ է քննարկվել, ԲՀԿ-ի մեր գործընկերները մի քանի անգամ այս նախաձեռնությունը բերել են: Սակայն, մեր նախաձեռնությունը տարբերվում է նրանով, որ խորհրդարանական լսումներ իրականացնելու խմբակցություններին տրամադրվող  իրավունքը մեկ հնարավորությունից դարձնում ենք անսահման: Այսինքն՝ հանում ենք այն սահմանափակումը, որ դրված է այսօրվա կանոնակարգ օրենքով, և թույլ ենք տալիս խմբակցություններին մեկից ավելի անգամ խորհրդարանական լսումներ հրավիրել: Ավելին՝ 125-րդ հոդվածում կա ևս մեկ սահմանափակում՝ այն է խմբակցությունները սահմանափակված են լսումներ իրականացնել միայն այնպիսի հարցերով, որոնց կապակցությամբ խմբակցությունը կամ խմբակցության պատգամավորը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել: Մենք այս սահմանափակումը ևս հանում ենք և առաջարկում, որ խմբակցությունները սահմանափակված չլինեն որևէ առարկայով»,-ասաց Սիմոնյանը:

Խմբակցության անդամները կարծում են, որ սա պառլամենտական մշակույթի զարգացման տեսանկյունից անհրաժեշտ քայլ է:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիշեցրեց՝ նախագիծը քննարկել են  բազմիցս, փորձել են կոչ անել բոլոր խմբակցությունների բոլոր ներկայացուցիչներին՝ առավել ակտիվ լինել, նախաձեռնել լսումներ: «Այդքան խոսելուց հետո, օրինակ, պետաիրավական հանձնաժողովում ոչ մեկը մեր ընդդիմադիր գործընկերներից, չդիմեց որևիցե հարցով՝ այդ թվում իրենց կողմից նախաձեռնած օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում լսումներ կազմակերպելու: Բայց այս ոդիսականը շարունակվում է… Չենք կարող ասել, որ առկա կանոնակարգումները թույլ չեն տալիս խմբակցություններին կամ որևիցե մեկին չիրացնել իրենց՝ լսումներ կազմակերպելու իրավունքը: Այս պարագայում սահմանափակումները հանելը շատ ավելի վտանգավոր է»,-ասաց Վարդանյանը:

Նա հիշեցրեց՝ տրամաբանությունը հետևյալն է՝ խմբակցությունն ունի լսումներ կազմակերպելու իրավունք, և այդ լսումների կազմակերպումը սահմանափակվում է այն օրինագծերով, որոնք նախաձեռնել են կամ այդ խմբակցությունը, կամ խմբակցության անդամները: Նույնն էլ հանձնաժողովը՝ հանձնաժողովն իրավունք ունի կազմակերպել լսումներ այն օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում, որոնք մտնում են այդ հանձնաժողովի տիրույթի մեջ: Ըստ էության, անսահամանափակ լսումներ անցկացնելու իրավունքը ցանկացած հարցի վերաբերյալ նախատեսված չէ: «Դրա համար կա ԱԺ նախագահ, նա ապահովում է ԱԺ բնականոն գործունեությունը, հրավիրում է լսումներ: Եվ ես այս ընթացքում չեմ լսել որևէ դեպք, որ լսումների անցկացումը մերժվի կամ հանձնաժողովի, կամ նախագահի կողմից»,-ասաց Վարդանյան ու նշեց՝ հանձնաժողովի նախաձեռնությանը տվել է բացասական եզրակացություն:

Քվեարկությամբ նախագիծը ստացավ 33 «կողմ», 79 «դեմ» ձայներ՝ չընգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am