Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նարինե Խաչատուրյանը ուրախալի է համարում Թանգարանների միջազգային տոնին ներառական ծրագրերի անցկացումը

Նարինե Խաչատուրյանը ուրախալի է համարում Թանգարանների միջազգային տոնին 
ներառական ծրագրերի անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանների միջազգային տոնի կապակցությամբ, որը նշվում է մայիսի 18-ին, Հայաստանի ավելի քան 60 թանգարան վիրտուալ հարթակում հանդես եկավ բազմաբովանդակ նախաձեռնություններով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը  շատ ուրախալի համարեց այն փաստը, որ թանգարանների առաջարկած ծրագրերը նաև ներառական են, քանի որ այս տարի տոնն անցկացվում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրով:

«Թանգարանները վիրտուալ այցելուներին հրավիրում են մասնակիցը դառնալ  իրենց ծրագրերի իրականացմանը: Դա շատ կարևոր է թե՛ կրթական, թե՛ ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման առումով: Պատկերացնում եմ, թե որքան դժվար է թանգարանների աշխատակիցների համար առանց այլցելուների ապրելր, չնայած նրանք ամեն ինչ անում են օնլայն տիրույթի հետևորդների համար: Այդ մասին է վկայում այն հարուստ ծրագրային ցանկը, որը թանգարանները ներկայացնում են»,-ասաց փոխնախարարը:

Նա խոստովանեց, որ սրտատրոփ սպասում են, թե երբ պարետը հնարավորություն կտա թանգարաններում այցելություններ կազմակերպել, քանի որ ոչ միայն թանգարանների աշխատակիցներն են կարոտել այցելուներին, այլև այցելուներն են կարոտել թանգարանները:

«Շատ հետաքրքիր, առողջ մրցակցային հարաբերություններ են ստեղծվել թանգարանների միջև: Առցանց աշխատանքի ընթացքում դրսևորվում են յուրաքանչյուր թանգարանի պոտենցիալը, ստեղծարար միտքը: Աշխատում են թափանցիկ, և ամեն րոպե կարող ես տեսնել, թե ինչ է արվում: Այսպես մենք հասկանում ենք, թե որտեղ կա երևակայություն, որտեղ է այն մի քիչ կաղում: Ըստ այդմ՝ մենք կհասկանանք, թե որտեղ ինչ ունենք անելու և ինչով ենք կարող օգնել այս կամ այն աշխատակազմին՝ նրանց առավել ակտիվացնելու, լավ աշխատելու շարժառիթները մեծացնելու համար»,-շեշտեց Նարինե Խաչատուրյանը՝ շնորհավորելով բոլորին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Փոխնախարարը թանգարանների աշխատակիցներին մաղթեց ջերմեռանդ աշխատանք, նոր մտահղացումներ և ամենակարևորը՝ համբերություն:

Թանգարանների միջազգային օրը հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսաստանյան պատվիրակության առաջարկությամբ։

1992 թվականից սկսած ամեն տարի Թանգարանային միջազգային օրն ունենում է մի թեմա, և ԻԿOՄ-ը հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները։

Անժելա Համբարձումյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am