Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախարարը հորդորում է չհավատալ COVID-19-ի մասին դավադրության տեսություններին, չկորցնել զգոնությունը

Նախարարը հորդորում է չհավատալ COVID-19-ի մասին դավադրության 
տեսություններին, չկորցնել զգոնությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատում է, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը. սրա արդյունքում մարդիկ կարող են կորցնել զգոնությունը հիվանդության նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։ Այս փաստն անհանգստացնում է մեզ՝ այն տեսանկյունից, որ մարդիկ կարող են կորցնել իրենց զգոնությունը հիվանդության նկատմամբ։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ դեպքեր ունենալուն»,-գրել է Թորոսյանը:

Նախարարը նկատել է՝ «Մեզ հաստատ չիպավորելու են», «Այդպիսի հիվանդություն չկա», «Մեզ չի կպնի», «Համաշխարհային բլեֆ է», «Ամեն ինչ սուտ է», «Դրսից ֆինանսավորում ստանալու համար է» և նմանատիպ այլ արտահայտությունների կարելի է հանդիպել անհատ օգտատերերի գրառումներում, ովքեր նաև մեկնաբանություններ են թողնում լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի մեկնաբանություններում: «Նման կարծիքները նաև լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից: Չենք ուզում, որպեսզի մեր բնակչությունը կորցնի զգոնությունը և եթե այս միտումը շարունակվի, ստիպված ենք լինելու կեղծ և չհիմնավորված այսպիսի լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին՝ նախ հասկանալու համար, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ շարժառիթ ունեն վնասելու մեր քաղաքացիներին»,-ասել է նախարարը:

Թորոսյանը, հաշվի առնելով վերջին օրերի վիճակագրությունը, հայրենակիցներին ևս մեկ անգամ հորդորել է ավելի ուշադիր լինել, հետևել բոլոր ցուցումներին՝ կանգնեցնելու հիվանդության տարածման տեմպը: Նախարարը նաև կոչ է արել, որ որպես հավաստի տեղեկատվության աղբյուր, մարդիկ հետևեն պաշտոնական լրահոսին:

Հայաստանում մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  41 850 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 61 դեպք: 

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am