Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ տեղի ունեցավ ռուսական արվեստի թանգարանի կայքի շնորհանդեսը

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ տեղի ունեցավ ռուսական արվեստի թանգարանի կայքի 
շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թ. մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային  օրը, «Ռոստելեկոմ» Հայաստանի աջակցությամբ տեղի ունեցավ Ռուսական արվեստի  թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) պաշտոնական վեբ-կայքի շնորհանդեսը՝ rusartmuseum.am (http://www.rusartmuseum.am/): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել»Ռոստելեկոմ» ընկերությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ շնորհանդեսը կայացել է այս օրերին ամենաարդիական տարբերակով՝ առցանց՝ Zoom հարթակի միջոցով:            

«Առցանց շնորհանդեսին ներկա էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը,
«Ռոստելեկոմ» Հայաստանի Արտաքին կոմունիկացիաների և մեդիա հարաբերությունների պատասխանատու Հայկուհի Գրիգորյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի մամլո քարտուղար Սիրանուշ Գյուրջինյանը, «Վեբ Աբրիկոտ» ընկերության տնօրինությունը:

 «Շնորհավորում եմ բոլորիս՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: 2016թվականից ի վեր թանգարանը չուներ պաշտոնական վեբ-կայք և պատահական չէ, որ այսքան տարիների աշխատանքից հետո հենց այս օրը տեղի ունեցավ թանգարանի կայքի շնորհանդեսը: Կայքն ունի այն բոլոր նորարարությունները, որոնք պահանջում են այսօրվա թանգարանները՝ անդամակցության, առցանց խանութի, կրթական ծրագրերի, ինչպես նաև առաջիկայում առցանց խաղերի հնարավորությամբ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր աջակիցներին՝ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- նշեց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը:

«Ռոստելեկոմ»-ի աջակցությունը թանգարանի վեբ կայքի ստեղծմանը յուրօրինակ է, քանի որ համագործակցության արդյունքում ընկերությունը իր հավատարիմ հաճախորդների համար թանգարանից ձեռք է բերել տոմսեր, և վաճառքից ստացված  ողջ գումարը ուղղվել է կայքի ֆինանսավորմանը:

««Ռոստելեկոմ» ընկերության և Ռուսական արվեստի թանգարանի համագործակցությունը շուրջ 4 տարվա պատմություն ունի, և այս տարիների ընթացքում ընկերությունը հնարավորինս աջակցել է թանգարանին ինչպես կրթական ծրագրերի՝ արվեստը բոլորին հասանելի դարձնելու նպատակով, այնպես էլ տեխնոլոգիաները արվեստի ոլորտում կիրառելու ուղղությամբ: Ուրախ ենք, որ վերջապես թանգարանը ունի պաշտոնական վեբ-կայք, որի միջոցով հնարավոր կլինի առավել մեծ թվով այցելություններ ներգրավել՝ արդեն նաև առցանց տարբերակով»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի արտաքին կոմունիկացիաների և մեդիա հարաբերությունների պատասխանատու Հայկուհի Գրիգորյանը:

Նոր կայքը եռալեզու է` կազմված 7 բաժիններից և 14 ենթաբաժիններից, որտեղ այցելուները  կարող են   ծանոթանալ թանգարանի պատմությանը,  հավաքածուին, հեղինակներին, կրթական և ցուցահանդեսային գործունեությանը և այլն:  Վիրտուալ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու  մշտական ցուցադրությանը, իսկ  հետազոտողները «Շտեմարան» ենթաբաժնի միջոցով կարող են ուսումնասիրել թանգարանի թվայնացված ողջ հավաքածուն:

 «Շնորհավորում եմ Ռուսական արվեստի թանգարանին՝ պաշտոնական վեբ-կայքի թողարկման կապակցությամբ: Հաճելի է, որ կայքը ստեղծվել է դասական կերպարվեստի թանգարաններին բնորոշ ոճով: Վստահ եմ՝ այն շատ կօգնի՝ առաջիկայում թանգարանը առավել հանրաճանաչ դարձնելու ճանապարհին»,- իր խոսքում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:

Կայքում առանձին էջ հատկացված է թանգարանին անդամակցել ցանկացողների համար, իսկ հուշանվերների սիրահարները «Թանգարանային խանութ» բաժնի միջոցով կարող են ծանոթանալ հուշանվերային արտադրանքի հետ: «Կրթական ծրագրեր» բաժինը դպրոցականներին և մեծահասակների ծանոթացնում է թանգարանի կողմից առաջարկվող ինտերակտիվ խաղ ծրագրերին:

«Մեր օրերում շատ կարևոր է ունենալ կայք՝ առցանց ներկայություն: Այն հնարավորություն է տալիս 0+ տարիքի բոլոր մարդկանց այցելել թանգարան՝ վայելելու այն ամբողջ հմայքը և արժեքները, որոնք ներկայացված են թանգարանում: Համոզված եմ, որ կայքի միջոցով հնարավոր կլինի ներկայանալ ոչ միայն լոկալ, այլ նաև գլոբալ աշխարհում»,-նշեց ԲՏԱ նախարարի մամուլի քարտուղար Սիրանուշ Գյուրջինյանը:

Կայքը հնարավորություն կտա թանգարանին՝ նոր լսարաններ ներգարավելու:  Այն  լավագույն այցեքարտն է միջազգային համագործակցության համար: 

«Շատ ուրախ եմ, որ այս երկար աշխատանքը վերջապես տվեց իր արդյունքը: Այժմ թանգարանի դռները բաց են ամբողջ աշխարհի առաջ, և յուրաքանչյուր ոք  կարող է մուտք գործել կայք և ծանոթանալ արժեքավոր ցուցանմուշներին, զգալ այդ հաճույքը՝ հաղորդակցվելով արվեստի հետ»,-նշեց «Վեբ Ապրիկոտ» ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Եփրեմյանը:

Կայքի շնորհանդեսի մասին համառոտ տեսանյութը տեղադրված է ընկերության պաշտոնական ֆեյբուքյան էջում: (https://www.facebook.com/rtarmenia/videos/1108972972794695/ )

Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)

 Երևանի Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) ՊՈԱԿ-ը  գործում է մայրաքաղաքում ավելի քան 36 տարի: Այս գողտրիկ թանգարանը, տեղակայված լինելով  Երևանի  մշակութային կենտրոնում, համապարփակ կերպով այցելուին է ներկայացնում  19-րդ դ. վերջի և 20-րդ դ. սկզբի  գեղարվեստական և պատմական մեծ արժեք ունեցող կերպարվեստի ընտրանի:

Թանգարանում ցուցադրված են համաշխարհային անուն ունեցող ռուս հեղինակների՝ Վ. Սերովի, Կ. Կորովինի, Մ. Վրուբելի, Ա. Արխիպովի, Բ. Գրիգորևի, Մ. Նեստերովի, Ալ. Բենուայի, Ե. Լանսերեյի, Ռ. Ֆալկի և այլոց գործերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

***


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:


***

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ