Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Շվեյցարիայի կառավարությունը եւ շվեյցարահայերը աջակցել են ՀՀ-ին համավարակի դեմ պայքարում. դեսպան

Շվեյցարիայի կառավարությունը եւ շվեյցարահայերը աջակցել են ՀՀ-ին համավարակի 
դեմ պայքարում. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը պատասխանում է  ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին։

Ինչպիսի՞ն է համավարակի դեմ պայքարը Շվեյցարիայում եւ անցած երկու ամիսներին ի՞նչ արդյունքներ են գրանցվել։ 

Շվեյցարիան այն երկրների շարքում է, որտեղ նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը բավականին մեծ է։ Բնակչության համամասնությամբ այստեղ գրանցված վարակակիրների քանակը գրեթե նույնն է ինչ Իտալիայում, այնուամենայնիվ, մահվան դեպքերը Շվեյցարիայում անհամեմատ ավելի քիչ են։

Հիվանդությունը հավասարապես տեղաբաշխված չէ ողջ երկրում, այլ առավել կենտրոնացած է Ժնևի, Վոյի, Տիչինոյի ու Ցյուրիխի շրջաններում։ Չնայած այս հանգամանքին՝ Շվեյցարիայի դաշնային իշխանությունները խիստ սահմանափակումներ են իրականացնում երկրի ողջ տարածքում։ Դրանք գրեթե նույնն են, ինչ հարևան շատ երկրներում։ Մարտի կեսերից Շվեյցարիայում գործում են միայն մթերային խանութներն ու դեղատները, որտեղ մուտքը իրականացվում է՝ պահպանելով ֆիզիկական հեռավորության և հիգիենայի կանոնները։ Մուտքերի մոտ հատուկ հսկողություն է իրականացվում որպեսզի խանութների ներսում եղած մարդկանց թիվը չանցնի որոշակի քանակից։ Ի տարբերություն այլ երկրների, Շվեյցարիայում թեև չի խրախուսվում, բայց թույլատրվում է տանից դուրս գալ՝ միաժամանակ պահպանելով հինգ հոգուց ավել հավաքվելու արգելքը, որի իրագործմանը հետևում են պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները։

Պետք է նշել, որ շվեյցարական հասարակությունը հիմնականում հետևում է իշխանությունների սահմանած արգելքներին ու հորդորներին։ Հաշվի առնելով հասարակության հետ համագործակցության այս բարձր մակարդակը, ինչպես նաև վերջին շրջանում համավարակի տարածման տեմպերի նվազումը՝ Շվեյցարիայի իշխանությունները հայտարարել են փուլային եղանակով սահմանափակումները վերացնելու իրենց մտադրության մասին։ Առաջին փուլն իրականացվել է ապրիլի 27–ին, երբ բացվեցին բժշկական որոշ հաստատություններ, վարսավիրանոցներ։ Երկրորդ փուլը կմեկնարկի մայիսի 11-ին, երբ կբացվեն նախակրթական ու միջնակարգ կրթական հաստատությունները, ռեստորանները, սրճարանները։ Երրորդը` հունիսի 8-ին, երբ կվերագործարկվեն գրեթե բոլոր ձեռնարկությունները, ծառայությունները, կվերսկսվեն սպորտային միջոցառումները։ Իհարկե, դրանք կվերաբացվեն որոշ սահմանափակումներով, որոնք վերաբերում են սոցիալական հեռավորությանն ու հիգիենային։ Շվեյցարական կառավարությունը նախատեսում է մայիսի 27-ին վերանայել սահմանափակումների թուլացման իր քաղաքականությունը` պարզելու համար, թե որքանով են դրանք արդյունավետ համավարակի պայմաններում և այդ ուսումնասիրության հիման վրա որոշում կայացնելու հետագա գործողությունների վերաբերյալ։

Պետք է նշել, որ նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, Շվեյցարիայում չեղարկվել կամ հետաձգվել են մի շարք խոշոր միջոցառումներ, ինչպես օրինակ՝ Ժնևի հանրահայտ ավտոմեքենաների ցուցադրությունը և Մոնթրոյի ջազի փառատոնը։ 

Մարտի կեսերից իրենց գործունեությունը սահմանափակել են նաև Ժնևում տեղակայված բազմաթիվ միջազգային կազմակերպությունները, ներառյալ ՄԱԿ գրասենյակը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և այլն։ Մի շարք տարեկան խոշոր միջոցառումներ չեղարկվել կամ հետաձգվել են։ Սակայն, միջազգային կառույցները փորձում են հեռահար կազմակերպել իրենց աշխատանքները՝ հրավիրելով առցանց քննարկումներ, պատրաստելով համավարակի պայմաններում կենսագործունեությունը կազմակերպելու ուղեցույցներ ու չափանիշներ։ Նման բազմաթիվ փաստաթղթեր են շրջանառել, օրինակ, Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակը և Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, իսկ մենք դրանց մասին օպերատիվ կերպով ջանում ենք զեկուցել Երևան։ Այս առումով, բնականաբար, առաջնահերթ ուշադրության կենտրոնում է Առողջապահության միջազգային կազմակերպությունը, որը շարունակում է մեծ ծավալի աշխատանք կատարել։

Ըստ տեղի ունեցող քննարկումների՝ միջազգային կազմակերպությունները կվերսկսեն իրենց ամբողջական գործունեությունն այն ժամանակ, երբ իրավիճակը թույլ կտա։ Ներկայումս Շվեյցարիայում մինչև ամառվա վերջ գործում է հազար հոգուց ավել հավաքների անցկացման արգելքը։ Դրանից ցածր թվաքանակով հավաքների անցկացման մասին որոշումը կկայացվի հունիսի սկզբին։    

Ինչպես այլ երկրների պարագայում, այնպես էլ Շվեյցարիայում կանխատեսվում է, որ համավարակի դեմ պայքարը ծանր հետևանքներ է թողնելու նաև տնտեսության վրա։ Շվեյցարիան, ընդհանուր առմամբ, շուրջ 60 միլիարդ եվրո է հատկացրել հետևանքների հաղթահարման ու ձեռնարկատերերին ցուցաբերվելիք օգնության համար։ Միաժամանակ, համավարակի պատճառով Շվեյցարիան իրականացրել է իր պատմության մեջ ամենախոշոր հայրենադարձությունը` երկիր վերադարձնելով շուրջ յոթ հազար մարդ։

Ինչպես հայտնի է, Շվեյցարիան դեղագործության բնագավառում համաշխարհային մակարդակի առաջատարներից մեկն է։ Համավարակի դեմ պատվաստանյութ մշակելու գործին լծվել են նաև շվեյցարացի գիտնականները։ Մասնավորապես, այս առումով բավական լավատեսական հայտարարություններ են կատարել Բեռնի համալսարանի հետազոտողները, որոնք հույս են հայտնել պատվաստանյութ ստանալ մինչև ընթացիկ տարվա աշուն։

Այժմ Շվեյցարիայում փորձարկվում է բջջային հեռախոսների համար նախատեսված հավելված, որով հնարավոր կլինի հետեւել նոր կորոնավիրուսի տարածմանը: Որքանո՞վ է այդ մեթոդը արդյունավետ։ 

-Բջջային հավելվածը դեռ գտնվում է մշակման փուլում։ Դրա վրա աշխատում են Ցյուրիխի ու Լոզանի տեխնոլոգիական համալսարանների մասնագետները։ Հավելվածի օգտագործումը կրելու է կամավոր բնույթ։ Վարակակիր անձնավորության հետ երկար շփում ունեցած օգտատերերին այն համապատասխան ծանուցում է ուղարկելու բլութութ համակարգի միջոցով, որի հիման վրա նրանք կարող են կապվել բժշկական հաստատությունների հետ և թեստավորում անցնել։ Հավելվածում առկա տեղեկատվությունը հասանելի է լինելու միայն օգտատիրոջ համար։ Նրա անձնական տվյալները կամ գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը օգտագործման ենթակա չեն և պահվելու են խիստ գաղտնի։ Հավելվածը գործելու է միայն ճգնաժամի ժամանակահատվածում և վերացվելու է դրա հաղթահարումից հետո։ Հավելվածը օգնելու է նաև համավարակի տարածման տրամաբանությանն ու դինամիկային հետևելու գործում։

Ընդհանուր առմամբ, շվեյցարական իշխանությունները հայտարարել են, որ վարակակիրների թվաքանակի նվազմանը զուգընթաց, գործի է դրվելու համավարակի զսպման քաղաքականությունը, որը ներառելու է վարակի շղթայի և օջախի հայտնաբերման, լայն թեստավորման ու մեկուսացման գործառույթը։ Բջջային հավելվածը ևս ծառայելու է այդ նպատակին։

Հայաստանցիների կամ տեղացի հայերի շրջանում կա՞ն վարակվածներ, ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը, տեղական համայնքային կառույցներըն աջակցո՞ւմ են հայերին։

-Շվեյցարահայերի թվում կան և՛ վարակվածներ, և՛ շատ ցավալի մահվան դեպքեր։ Այնուամենայնիվ, դրանք համատարած բնույթ չեն կրում։ Մենք մշտական կապի մեջ ենք համայնքային կազմակերպությունների հետ՝ համադրելով մեր տեղեկատվությունը և գործողությունները։ Հատուկ մշտական կապ ենք պահում նաև միջազգային կազմակերպություններում աշխատող հայերի հետ։ Դեսպանության տվյալներով Հայաստանի քաղաքացիների շրջանում վարակման դեպքեր չեն արձանագրվել։ Միաժամանակ, շնորհակալությամբ պետք է նշեմ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների տրամադրած աջակցությունը Հայաստանին համավարակի դեմ պայքարում, ինչպես այս նպատակի համար կազմակերպված դրամահավաքների մասնակցության, այնպես էլ անհատապես համավարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերմանն ու փոխադրմանը մեծապես օժանդակելու միջոցով։  

Այստեղ երախտիքի խոսքեր կցանկանայի հղել նաև Շվեյցարիայի կառավարությանը, որը Հայաստանում արտակարգ դրության հաստատման առաջին իսկ օրերին արժեքավոր բժշկական սարքավորումներ ու անհատական պաշտպանության միջոցներ փոխանցեց Առողջապահության նախարարությանն ու Սննդի անվտանգության պետական տեսչությանը։ Հայաստանին համավարակի դեմ պայքարում կարևոր օժանդակություն է ցուցաբերում նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Ի՞նչ ռեժիմով է աշխատում դեսպանությունը, ի՞նչ օգնություն եք ցույց տվել Շվեյցարիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին։ Կա՞ն հայեր, որ չեն հասցրել մեկնել Հայաստան, ստիպված  մնացել են Շվեյցարիայում եւ օգնության կարիք ունեն։ 

-Արտակարգ իրավիճակում Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը գործել է անխափան։ Հայաստանի քաղաքացիների և համայնքային կառույցների ու անհատների հետ կապի ապահովման համար դեսպանությունում բացվել է շուրջօրյա թեժ գիծ, որը դեսպանության մյուս հեռախոսահամարների, էլեկտրոնային փոստի հասցեների հետ միասին ծառայում է մեր հայրենակիցների բազմաթիվ հարցերին ու դիմումներին պատասխանելու կարևորագույն նպատակին։ Դեսպանությունը սոցիալական ցանցերի միջոցով մշտապես թարմ տեղեկատվություն է տարածում արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների ու իրավիճակի վերաբերյալ։  Բնականաբար, ստեղծված իրավիճակի պատճառով Շվեյցարիայում գտնվող Հայաստանի որոշ քաղաքացիներ ստիպված են եղել փոխել Հայաստան վերադառնալու իրենց ծրագրերը։ Դեսպանությունը խորհրդատվություն ու օգնություն է տրամադրել մեր տասնյակ հայրենակիցների՝ որոշ դեպքերում աջակցելով նրանց օդանավի տոմսերի ամրագրման ու Շվեյցարիայից մեկնելու հարցում։ Որոշ դեպքերում էլ դեսպանությունը ինքն է նախաձեռնել կապը մեր հայրենակիցների հետ` պարզելու համար, թե արդյոք նրանք որևէ օգնության կարիք ունեն։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է նաև շվեյցարական միգրացիոն ծառայությունների հետ, որոնց հետ համագործակցաբար աշխատում ենք մեր որոշ քաղաքացիների վերադարձը Հայրենիք ապահովելու ուղղությամբ։

Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչությանը, ապա այստեղ ևս աշխատանքները թեև էականորեն սահմանափակվել են, սակայն չեն դադարել։ Մշտական ներկայացուցչությունը պարբերաբար մասնակցում է առցանց հանդիպումների, որոնք ներկա պայմաններում հիմնականում վերաբերում են նոր կորոնավիրուսի տարածմանը, ներկայացնում է Հայաստանում առկա իրավիճակը, փորձում է իր ներդրումն ունենալ այս հարցի շուրջ միջազգային քննարկումներում ու ջանքերում։  Մշտական ներկայացուցչությունը նաև անմիջական կապի մեջ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ` մասնավորապես, պարբերաբար տեղեկատվություն է փոխանցում Հայաստան Կազմակերպության բրիֆինգների, համավարակի առանձնահատկությունների ու դրա դեմ պայքարի ուղիների վերաբերյալ։

Ամփոփելով՝ թույլ տվեք առողջություն մաղթել մեր բոլոր հայրենակիցներին, «Օրեր» ամսագրի խմբագրությանն ու ընթերցողներին։  

 

Հակոբ Ասատրյան

Պրահա

 

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ